Թարիք Ռահմանը ստանձնել է Բանգլադեշի վարչապետի...

Խորհրդարանական ընտրություններում հաղթած Բանգլադեշի ազգայնական կուսակցության (ԲԱԿ) առաջնորդ Թարիք Ռահմանը ստանձնել է երկրի վարչապետի պաշտոնը: Երդմնակալության արարողությունը տեղի է ունեցել Դաքքայում: Այդ մասին  տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը:

Ռահմանը դարձել է Բանգլադեշի առաջին տղամարդ վարչապետը վերջին 36 տարվա ընթացքում: Նախկինում այդ պաշտոնը զբաղեցրել է նրա մայրը՝ Խալեդա Զիյան, ապա՝ նախկին վարչապետ Շեյխ Հասինան, որը լքել է հանրապետությունը 2024 թ. օգոստոսին զանգվածային բողոքի ցույցերի ֆոնին հրաժարականից հետո:

60-ամյա Ռահմանը 2008 թվականից ապրում էր Լոնդոնում: Նա  Բանգլադեշից մեկնել էր ընտրություններում Շեյխ Հասինայի «Ավամի լիգ» կուսակցության հաղթանակից հետո՝ մեկնումը պատճառաբանելով անվտանգության նկատառումներով: Հասինայի կառավարման շրջանում Ռահմանը դատապարտվել է կոռուպցիայի, կաշառակերության, փողերի լվացման, հարստության ապօրինի յուրացման և նռնակների կիրառմամբ հարձակման համար:

ԲԱԿ-ի անդամները կարծում են, որ իրենց ներկայիս առաջնորդի դեմ բոլոր մեղադրանքները քաղաքական դրդապատճառներ ունեն: 2024 թվականին դատարանն արդարացրել է Ռահմանին։ Նա Բանգլադեշ է վերադարձել 2025 թ. դեկտեմբերի 25-ին, իսկ 2026 թ. հունվարի 9-ին դարձել Ազգայնական կուսակցության նախագահ։

Հանրապետությունում նրան սպասում էին բազմաթիվ կողմնակիցներ։ Ընդամենը մի քանի շաբաթվա ընթացքում Ռահմանը նվաճել է ընտրազանգվածի մեծ մասի վստահությունը՝ խոստանալով անվտանգություն, հարստության արդարացի բաշխում և պայքար կոռուպցիայի դեմ։

Բանգլադեշում 13-րդ խորհրդարանական ընտրությունները տեղի են ունեցել փետրվարի 12-ին՝ 2024 թ. օգոստոսին վարչապետ Շեյխ Հասինայի և նրա «Ավամի լիգ» կուսակցության հրաժարականից 18 ամիս անց: Մեկուկես տարի երկիրը ղեկավարել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Մուհամմադ Յունուսի գլխավորած ժամանակավոր կառավարությունը։

Բանգլադեշի ընտրական հանձնաժողովը հայտարարել է, որ ԲԱԿ-ը և նրա կողմնակիցները խորհրդարանում ստացել են 299 տեղերից 212-ը։ Հիմնական ընդդիմադիր ուժը կդառնա ​​«Ջամաաթ ի Իսլամի Բանգլադեշ» իսլամիստական կուսակցությունը, որը կոալիցիայի գծով գործընկերների հետ ունի 77 տեղ: