
Տարածաշրջանային տրանսպորտային հաղորդակցությունները վերաբացելու կամ ապաշրջափակելու մեր դիրքորոշումները մենք արտահայտել ենք վաղուց և դա արտահայտված է «Խաղաղության խաչմերուկ» նախագծում: Այս մասին ասուլիսի ժամանակ ասել է ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով տարածաշրջանային տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման գործընթացին:
Վարչապետի խոսքով՝ Հայաստանի Հանրապետության շահագրգռվածությունն այս գործընթացում կայանում է նրանում, որ տարածաշրջանում բացվեն բոլոր տրանսպորտային ենթակառուցվածքները, որոնք կներառեն կապեր Հայաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով, ինչպես նաև Ադրբեջանից Ադրբեջան՝ Հայաստանի տարածքով։ Բացի այդ, ընդգծվել է նաև երկկողմ առևտրաշրջանառության, միջազգային հաղորդակցության և տարանցիկ փոխանակման հնարավորությունների անհրաժեշտությունը։
Փաշինյանը պարզաբանել է, որ այս նախաձեռնությունների շրջանակում Հայաստանի մոտեցումն անփոփոխ է՝ բոլոր քննարկումները կատարվում են և շարունակելու են կատարվել Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության, ինքնիշխանության և իրավազորության շրջանակում։ Նա ընդգծել է, որ որևէ բանակցություն կամ քննարկում չի կարող դուրս գալ այս սկզբունքներից կամ հակասել դրանց։
«Մենք երբեք չենք ունեցել որևէ քննարկում, որ կտրված կլինի տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, իրավազորության օրակարգից կամ կհակասի այդ օրակարգին», -ասել է Փաշինյանը: