Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Հնդկաստանի Հանրապետության նախագահ Դրուպադի Մուրմուին Անկախության օրվա կապակցությամբ:
Նախագահ Խաչատուրյանի ուղերձում մասնավորապես ասվում է. «Հնդկաստանը պատմականորեն ապացուցել է ժողովրդավարական համակարգի կարևորությունը պետության կայացման և ազգի քաղաքակրթական արժեհամակարգի պահպանման գործում: Հնդկաստանի նորագույն պատմության մեջ նշանակալի դերակատարում ունեցած Մահաթմա Գանդիի կերպարն առ այսօր շատ ազգերի համար անարդարության դեմ պայքարի վառ օրինակ է:
Դարերի պատմություն ունեցող հայ-հնդկական բարեկամությունը խարսխված է փոխադարձ հարգանքի, վստահության և համընդհանուր արժեքների վրա:
Ուրախությամբ պետք է արձանագրեմ, որ տարածաշրջանային և երկուստեք կարևորության հարցերում Հայաստանի և Հնդկաստանի դիրքորոշումները համընկնում են՝ առավել նպաստելով միջպետական կապերի և ավանդական բարեկամության ամրապնդմանը»: