
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը կիրակի օրը կառավարության նիստում ընդգծել է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը պատրաստ է բացել նոր էջ Պարսից ծոցի համագործակցության խորհրդի հետ համապարփակ համագործակցությունը ընդլայնելու համար, այս մասին հայտնում է Pars Today-ը։
«Հաշվի առնելով իսլամական երկրների միջև համերաշխության անհրաժեշտությունը ու նաև տարածաշրջանային հարաբերությունների զարգացման նպատակով՝ մենք պատրաստ ենք լիարժեք համագործակցել այս տարածաշրջանային կառույցի հետ: Մենք կարծում ենք, որ Պարսից ծոցը պետք է լինի տարածաշրջանի երկրների միջև խաղաղության և համագործակցության խորհրդանիշ, և այս հարաբերությունները կարող են եղբայրության ուղերձ լինել իսլամական աշխարհի համար»,-ասել է Իրանի նախագահը:
Շեշտը դնելով «հարևանության քաղաքականության» ռազմավարության վրա՝ նա ասաց. «Կառավարությունը հատուկ ուշադրություն է դարձնում հարևան երկրների հետ հարաբերությունների ընդլայնմանը, և մենք կարծում ենք, որ Պարսից ծոցի համագործակցության խորհրդի հետ համագործակցության ամրապնդումը կարող է կարևոր դեր խաղալ տարածաշրջանում խաղաղության և անվտանգության խթանման գործում»։
Իրանի նախագահը նաև տարածաշրջանային երկրների հետ հարաբերությունների զարգացումը համարել է Իրանի Իսլամական Հանրապետության սկզբունքային ռազմավարություն, որի առաջխաղացմանը հատուկ ուշադրություն է դարձրել նաև 14-րդ կառավարությունը։
«Տարածաշրջանային երկրների մերձեցումը ընդհանուր շահերի լույսի ներքո կարող է պայծառ ապագա ուրվագծել իսլամական աշխարհի համար»,-եզրափակեց Փեզեշքիանը: