Նիկոլ Փաշինյանի իշխանությունը լավ է հասկացել, որ իրենց ամեն քայլ «կուլ է տրվում» բացի այն որոշումներից ու քայլերից, որոնք կպնում են հանրության գրպանին։ Ոչ Արցախի հարցը, ոչ խայտառակ անվտանգային խնդիրները մարդկանց այնպես չեն զայրացնում, որքան օրինակ որևէ շերտի 1000 դրամ եկամտի վրա «ձեռք բարձրացնելը»։
Այս ընթացքում եղել են տարբեր առիթներ, որպեսզի համոզվենք վերնշված մտքի ճշմարտացի լինելուն։
2022 թվականի օգոստոսի 1-ից ուժի մեջ մտավ, այսպես կոչված, գազի բալոնների մասին օրենքը։ Ըստ դրա՝ տրանսպորտային միջոցների վրա տեղադրված գազաբալոնները չեն լիցքավորվի, եթե դրանք չունենան լիցենզիա։ Այս որոշումը քաղաքացիների դժգոհության պատճառ դարձավ։ Դժգոհում էին հատկապես մարզերում, որտեղ Նիկոլ Փաշինյանը Արցախը հանձնելուց հետո լայն աջակցության էր արժանացել։ Իրավիճակն այնքան սրվեց, որ իշխանությունն, ըստ էության, մի կողմ դրեց օրենքը։ Այն հիմա էլ գործում է, բայց արդեն երկու տարի է ոչ ոք չի տուգանվել, իսկ համապատասխան լիցենզիա չունեցողները հանգիստ լիցքավորում են իրենց մեքենաները։
2020 թվականին էլ Փաշինյանի կառավարությունը որոշում ընդունեց, որ ոչ սպանդանոցային պայմաններում մորթված ընտանի կենդանիները չեն կարող վաճառվել։ Այս որոշումն էլ բողոքի լայն ալիք բարձրացրեց և ինչպես սպասելի էր՝ այս դեպքում էլ իշխանությունները հետ քայլ արեցին։ Օրենքը շարունակում է թղթի վրա գոյություն ունենալ, բայց գործնականում ոչ սպանդանոցային պայմաններում մորթված միսը շարունակվում է վաճառվել հանրապետության խանութներում։
Երեկ էլ իշխանությունները հետ կանգնեցին «խոպանչիներին» հարկելու մտքից կամ առնվանզ ինչ որ ժամանակով դադար են վերցրել։ Այս դեպքում էլ պատճառը բողոքի ալիքն էր, որը գլուխ բարձրացրեց Գեղարքունիքի մարզում, որտեղ անգամ խայտառակ պարտությունից հետո Փաշինյանի ոտքերի տակ գառներ էին մորթում։
Այս ամենի ֆոնին շատերի համար անհասկանալի է, թե ինչպես է Փաշինայնի թիմը գնում Երևան քաղաքում տրանսպորտի ուղեվարձի եռակի թանկացման։
Ակնհայտ է, որ իշխանությունները լուրջ դիմադրության են արժանանալու։ Ու տրանսպորտի հարցը կարող է դառնալ Տիգրան Ավինյան քաղաքապետի և վարչապետ դառնալու նպատակի վերջի սկիզբը։ Վստահաբար սա հասկացել են քաղաքային իշխանությունները ու սա է պատճառը, որը Ավինյանի թիմը նախաձեռնությունը հետ է քաշել ու դեռ պարզ չէ, երբ այն կգա քաղաքային օրակարգ։
Կան տեղեկություններ, որ տրանսպորտի թանկացման նախաձեռնությունը գալիս է կառավարությունից։ Փաշինյանի մտերիմներն են այս հարցի հիմնական լոբբիստները։ Նպատակը կարծես թանկացման դեմ սկսվող պրոցեսով Տիգրան Ավինյանից ազատվելն է:
Իրավիճակը հիշեցնում է ՀՀԿ իշխանության տարիները, երբ քաղաքային իշխանությունները նախաձեռնում էին որևէ քայլ, որը բերում էր բացասական արձագանքի ու հանրապետական իշխանությունը այդ նախաձեռնությունը չեղարկելով փորձում էր «լավամարդ» դուրս գալ։ Վառ օրինակ է Մաշտոցի պուրակի դեպքը։ Տարոն Մարգարյանը որոշել էր այգում բուտիկներ տեղադրել։ Աշխատանքները սկսել էին, երբ երիտասարդների մի խումբ պայքար սկսկեց։ Քաղաքային իշխանությունները անդրդվելի էին և աշխատանքները շարունակվում էին ոստիկանական ուժերի պաշտպանության ներքո միայն։ Վերջում այգի եկավ նախագահ Սերժ Սարգսյանը ասաց․ «Տարոն ջան սիրուն չի»։ Հաջորդ օրվանից շինարարները սկսկեցին քանդել բուտիկները։
Նույնը կատարվեց նաև 2013 թվականին տրանսպորտի ուղեվարձի թանկացման որոշման հետ։ Տարոն Մարգարյանի իշխանությունը թանկացրեց ողեվարձը, իսկ նույն իշխանության մինասյանական թևը պայքարում էր թանկացման դեմ։ Ի վերջո, կրկին Տարոն Մարգարյանը ստիպված եղավ զիջել և քաղաքային իշխանությունը «թքած լիզեց»՝ տրանսպորտի գինը կրկին դարձնելով 100 դրամ։
Հենց այս պատճառներից ելնելով են երևի Փաշինյանի մտերիմները այս թեման առաջ բրդում, որպեսզի թանկացումների չեղարկումը դառնա «Տիգրան սիրուն չի» գործողություն ու ճանապարհեն նրան քաղաքապետարանից։
Հ․Գ․ Եթե Ավինյանը հեռահար քաղաքական պլաններ ունի, ապա իր համար լավագույն տարբերակը կլինի հետ քաշած նախագիծը այլևս օրակարգ չբերելը։ Տրանսպորտի խնդիրը ինքը պետք է լուծի այլ ճանապարհներով, որպեսզի քաղաքացու գրպանին չկպնի։ Հակառակ պարագայում նա ստիպված կլինի վերադառնալ չիր չորացնելու գործին։
Մարգար Տարոնյան