
«Գրինփիս» միջազգային հասարակական բնապահպանական կազմակերպության ակտիվիստները Փարիզի Գրևենի թանգարանից գողացել են նախագահ Էմանուել Մակրոնի մոմե արձանը և տարել Ռուսաստանի դեսպանատան մոտ: Այսպես ակտիվիստները բողոքի ակցիա են անցկացրել ռուսական գազի և պարարտանյութերի ներմուծման դեմ, գրում է Bild-ը:
Ակտիվիստները հագել են բանվորական համազգեստ, փաթաթել արձանը կտորով և դուրս բերել այն թանգարանի հետևի ելքով։ Ոստիկանության տվյալներով՝ արձանի արժեքը մոտ 40,000 եվրո է։ Այնուհետև ակտիվիստները այն տեղադրել են Ռուսաստանի դեսպանատան մոտ և բացել են պաստառ՝ «Ուկրաինան այրվում է, բայց առևտուրը շարունակվում է» գրությամբ։
«Գրինփիսը» քննադատում է Ֆրանսիայի կառավարությանը՝ պատերազմի ընթացքում Ռուսաստանի հետ գործարքները շարունակելու համար, մասնավորապես՝ պարարտանյութերի մատակարարման հարցում:
«Մենք ցանկանում էինք մարդկանց հիշեցնել այն ցինիզմի մասին, որը գալիս է խաղաղության կոչերից, մինչդեռ մյուսները գործարքներ են կնքում ագրեսորի հետ», - նշել է ակտիվիստներից մեկը։
Ֆրանսիական ոստիկանությունն այժմ հետաքննում է միջադեպը, և արձանն արդեն անվնաս վերադարձվել է թանգարան։