Թալինի հոգևոր հովիվ Տեր Թադեի հարցը Մայր աթոռի կարգապահական հարցերի հանձնախմբի օրակարգում է, ArmeniaSputnik-ին հայտնել է Մայր աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Եսայի քահանա Արթենյանը։
Նշենք, որ Տեր Թադեն նախօրեին Հովհաննավանքում մասնակցել է կարգալույծ քահանա Ստեփան Ասատրյանի (նախկինում՝ Տեր Արամ քահանա Ասատրյան` խմբ․) մատուցած «պատարագին»։ Բացի այդ, վերջին շաբաթներին Տեր Թադեն ֆեյսբուքյան իր էջում մի շարք գրառումներ է արել՝ աջակցություն հայտնելով կարգալույծ արված քահանայի հայտարարություններին և գրառումներին։
Նոյեմբերի 2-ին Հովհաննավանքում տեղի ունեցածից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ գալիք կիրակի էլ Տեր Թադեի ձեռամբ մատուցված պատարագին է մասնակցելու Թալինի Սուրբ Աստվածածին եկեղեցում։ Թեպետ Տեր Թադեն գործող քահանա է, բայց արդեն իսկ տարբեր շրջանակներում մտահոգություններ կան, որ Հովհաննավանքի, այսպես ասած, զավթման ճակատագրին կարող է արժանանալ նաև Թալինի Սուրբ Աստվածածինը։
Տեր Եսային նշեց՝ մտահոգությունները հասկանալի են, բայց գործող հոգևորականը, իհարկե, կարող է պատարագ մատուցել, և եկեղեցու դռները բոլորի համար բաց են։
Հավելեց՝ Սուրբ Աստվածածին եկեղեցին, ինչպես և Հովհաննավանքը, Մայր աթոռի հաշվեկշռում է։



