Ճապոնիայի խորհրդարանը հատուկ նիստի ընթացքում Սանաե Տակաիչիին վերընտրել է երկրի վարչապետի պաշտոնում՝ փետրվարի 8-ի համընդհանուր ընտրություններում նրա գլխավորած Լիբերալ-դեմոկրատական կուսակցության աննախադեպ հաղթանակից հետո։ Այս մասին հաղորդում է Kyodo գործակալությունը։
Տակաիչին արձակել էր խորհրդարանը և նոր ընտրություններ էր նշանակել, որպեսզի մանդատ ստանա կառավարության ծախսերի ծրագրերն իրականացնելու և երկրի պաշտպանությունն ամրապնդելու համար։
Ընտրությունների արդյունքում Լիբերալ-դեմոկրատական կուսակցությունը ստացել է խորհրդարանի ստորին պալատի 465 տեղից 316-ը՝ մինչ այդ զբաղեցրած 198-ի փոխարեն։ Հետպատերազմյան շրջանում սա առաջին դեպքն է, երբ մեկ կուսակցությունը նման մեծ առավելության է հասնում։
Սպասվում է, որ բոլոր նախարարները, այդ թվում՝ արտաքին գործերի, ֆինանսների և պաշտպանության նախարարները, կպահպանեն իրենց պաշտոնները, որոնք զբաղեցնում էին Տակաիչիի առաջին կաբինետում 2025 թ. հոկտեմբերից ի վեր, երբ նա դարձավ կուսակցության ղեկավար և վարչապետ։



