Ճապոնիայի վարչապետ Սանաե Տակաիչին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հեռախոսազրույցից հետո լրագրողների հետ զրույցում վերահաստատել է Միացյալ Նահանգների հետ սերտ համագործակցությունը։ Այս մասին հաղորդում է Kyodo գործակալությունը՝ շեշտելով, որ Տակաիչիի հեռախոսազրույցը Թրամփի հետ տեղի է ունեցել Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ Թրամփի զրույցից կարճ ժամանակ անց։
Տակաիչին լրագրողներին ասել է, որ հեռախոսազրույցը տեղի է ունեցել Թրամփի նախաձեռնությամբ։ Զրույցի ընթացքում Թրամփը ներկայացրել է նոյեմբերի 24-ին Սի Ծինփինի հետ իր հեռախոսազրույցի մանրամասները։ Այնուամենայնիվ, նա լրացուցիչ տեղեկություններ չի հայտնել։
Իր հերթին, Reuters գործակալությունը հիշեցնում է, որ Ճապոնիայի և Չինաստանի միջև դիվանագիտական վեճ է ընթանում այն բանից հետո, երբ նոյեմբերի սկզբին խորհրդարանում ելույթում Տակաիչին հայտնել էր, որ Թայվանի վրա Չինաստանի հնարավոր հարձակումը կարող է Ճապոնիայի կողմից ռազմական գործողության պատճառ դառնալ։ Չինաստանի կողմից սա խիստ արձագանքի է արժանացել, այդ թվում՝ Չինաստանի քաղաքացիներին հորդորվել է չմեկնել Ճապոնիա։
Kyodo-ն, վկայակոչելով Չինաստանի արտգործնախարարությունը, հաղորդում է, որ Սի Ծինփինի հետ զրույցում Դոնալդ Թրամփը հայտնել է, որ ինքը հասկանում է Թայվանի հարցի կարևորությունը Չինաստանի համար։
Տակաիչիի կողմից Ճապոնիայի վարչապետի պաշտոնի ստանձնումից մի քանի օր անց՝ հոկտեմբերի 21-ին, Թրամփն այցելեց Ճապոնիա՝ նրա հետ անձամբ հանդիպելու։ Այնուհետև Տակաիչին հոկտեմբերի վերջին վերջին Հարավային Կորեայում կայացած Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում հանդիպեց Սի Ծինփինի հետ։



