ԵՄ արտաքին օգնության միջոցները կարող են ուղղվ...

Եվրամիությունը կարող է արտաքին օգնության նոր՝ 200 միլիարդ եվրո ծավալով «Global Europe» հիմնադրամի միջոցները, որոնք նախատեսված են նաև աղքատ երրորդ երկրներին աջակցելու համար, ուղղել ԵՄ սահմաններից դուրս միգրանտների արտաքսման կենտրոնների ստեղծմանը։ Ընդ որում, այդ միգրանտները հիմնականում ժամանում են հենց այդ աղքատ երկրներից, հայտնում է «Politico»-ն։

«Զգայուն հարցն այն է, թե արդյոք արտաքին օգնության հիմնադրամի միջոցները պետք է օգտագործվեն արտերկրում միգրանտների վերադարձի կենտրոններ կառուցելու և նրանց՝ Եվրոպա հասնելը զսպելու համար», — գրում է պարբերականը՝ անդրադառնալով հիմնադրամի շուրջ Եվրոպական խորհրդարանում ընթացող բանակցություններին։

Եվրոպական խորհրդարանը նախատեսում է հինգշաբթի օրը համաձայնեցնել «Global Europe»-ի վերաբերյալ ընդհանուր դիրքորոշումը, որը պետք է դառնա Եվրոմիության արտաքին գործունեության ֆինանսավորման հիմնական գործիքը առաջիկա՝ 2028-2034 թվականների յոթնամյա բյուջեում։

Եվրահանձնաժողովի առաջարկած 200 միլիարդ եվրո ծավալով հիմնադրամը պետք է մեկտեղի միջազգային գործընկերությունների, հումանիտար օգնության և ԵՄ արտաքին քաղաքականության այլ ուղղությունների ֆինանսավորումը։ Մասնավորապես, Եվրահանձնաժողովը հայտարարում էր, որ «Global Europe»-ը պետք է օգնի երրորդ երկրներին վերացնել միգրացիայի և անկայունության բուն պատճառները։

Ավելի վաղ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի կուսակցությունը՝ Եվրոպական ժողովրդական կուսակցությունը, առաջարկել էր նաև հիմնադրամից հանել առաջիկա յոթ տարիների համար Գազայի հատվածի վերականգնմանը նախատեսված 15 միլիարդ եվրոյի օգնությունը։

Այսպիսով, Եվրոխորհրդարանում քննարկվող մոտեցմանը հավանություն տալու դեպքում «Global Europe»-ի միջոցները, որոնք նախատեսված են ի թիվս այլնի միջազգային զարգացման, հումանիտար աջակցության և գործընկեր երկրներին օգնելու համար, կարող են ուղղվել ոչ թե աղքատ երկրներում միգրացիայի պատճառների վերացմանը, այլ հենց Եվրամիության միգրացիոն քաղաքականության իրականացմանն ու նրա տարածքում միգրանտների մուտքը ֆիզիկապես կանխելուն։