Տաջիկստանի և Աֆղանստանի սահմանին կրակոցներ են...

Ահաբեկչական կազմակերպության երեք անդամներ դեկտեմբերի 23-ին Աֆղանստանից հատել են Տաջիկստանի Հանրապետության սահմանը և մուտք գործել Քավոքի շրջան։ Օպերատիվ-որոնողական միջոցառումների արդյունքում դեկտեմբերի 24-ին նրանք հայտնաբերվել ու ոչնչացվել են։ 

Այս մասին հաղորդում է Տաջիկստանի Khovar ազգային լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով երկրի Ազգային անվտանգության պետական կոմիտեի սահմանապահ զորքերի հայտարարությունը։

Նշվում է նաև, որ ահաբեկչական գործողության կանխարգելման ընթացքում զոհվել են Տաջիկստանի Ազգային անվտանգության պետական ​​կոմիտեի սահմանապահ զորքերի երկու զինծառայող։

Ըստ հայտարարության՝ վերջին մեկ ամսվա ընթացքում սա զինված հարձակման, ահաբեկչական գործողության և Աֆղանստանից Տաջիկստան պետական ​​սահմանը հատելու երրորդ դեպքն է, որի հետևանքով զոհվել են քաղաքացիական անձինք և զինծառայողներ։

«Այս փաստերը վկայում են, որ Թալիբանի կառավարությունը լուրջ և շարունակական անպատասխանատվություն է ցուցաբերում և չի կատարում իր միջազգային պարտավորություններն ու հետևողական խոստումները՝ Տաջիկստանի Հանրապետության հետ պետական ​​սահմանին անվտանգություն ու կայունություն ապահովելու և ահաբեկչական կազմակերպությունների անդամների դեմ պայքարելու գործում», - նշված է հայտարարության մեջ։