Թաիլանդը պայմաններ է առաջադրել Կամբոջայի հետ...

Թաիլանդը բանակցություններ կսկսի Կամբոջայի հետ կրակի դադարեցման շուրջ, եթե Պնոմպենը կատարի Բանգկոկի երեք պահանջները։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Թաիլանդի ԱԳՆ տեղեկատվության դեպարտամենտի գլխավոր տնօրեն և մամուլի քարտուղար Նիկոնդետ Փհալանգկունը։

«Առաջին՝ Կամբոջան պետք է հրապարակավ հայտարարի կրակի դադարեցման մասին։ Երկրորդ՝ կրակի դադարեցումը պետք է տեղի ունենա և պահպանվի։ Երրորդ՝ Կամբոջան պետք է ամենայն լրջությամբ մասնակցի ականազերծման աշխատանքներին»,- ասել է նա։

Փհալանգկունը հավելել է, որ Թաիլանդը պատրաստ է համագործակցել միջազգային կազմակերպությունների հետ, ինչպիսիք են ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակը և Կարմիր խաչի միջազգային կոմիտեն՝ սահմանային հակամարտության խաղաղ կարգավորման համար։

Թաիլանդի և Կամբոջայի սահմանին հրաձգային զինատեսակների կիրառմամբ բախումները սկսվել են դեկտեմբերի 7-ին։ Կամբոջայի պաշտպանության նախարարության վարկածով՝ այն բանից հետո, երբ մի քանի օր շարունակ թաիլանդական զինված ուժերը սահմանամերձ շրջաններում իրականացրել էին տարբեր սադրիչ գործողություններ՝ նպատակ ունենալով հրահրել դիմակայության նոր փուլ, նրանք սկսել են գրոհել կամբոջական դիրքերը։

Թաիլանդի թագավորական բանակը հայտարարել է, որ կամբոջական ուժերն առաջինն են սկսել հրետակոծել սահմանամերձ գոտում թաիլանդական դիրքերը, իսկ թաիլանդական զինվորականները, ի պատասխան դրան, գրոհել են Կամբոջայի ռազմական ենթակառուցվածքները՝ նպատակ ունենալով վերահսկողություն հաստատել առանցքային շրջանների նկատմամբ և վնաս հասցնել հակառակորդին: