Թաիլանդի արտաքին գործերի նախարար Սիհասակ Ֆուանգկեոուն հայտարարել է, որ Թաիլանդի և Կամբոջայի պաշտպանության նախարարները կհանդիպեն դեկտեմբերի 24-ին՝ քննարկելու երկու երկրների միջև հրադադարի վերականգնման հնարավորությունը։ Այս մասին հայտնում է Reuters-ը։
Որոշումը կայացվել է դեկտեմբերի 22-ին Կուալա Լումպուրում՝ Հարավարևելյան Ասիայի երկրների արտաքին գործերի նախարարների հանդիպման ժամանակ։
Թաիլանդի ԱԳ նախարարի խոսքով՝ երկու երկրները համաձայնել են բանակցություններ վարել իրենց սահմանային ընդհանուր կոմիտեի միջոցով, որը հաստատված երկկողմ մեխանիզմ է։ Թաիլանդական կողմն առաջարկել է, որ այն տեղի ունենա Թաիլանդի Չանթաբուրի նահանգի սահմանային գծում։
Նախարարը նշել է, որ Թաիլանդը ցանկանում է «իրական հրադադար»՝ Կամբոջայի կողմից հստակ պարտավորությունների և մանրամասն իրականացման ծրագրով՝ հավելելով, որ ականազերծումն առաջնային է գործընթացն առաջ մղելու համար։
«Հրադադարը չի կարող պարզապես հայտարարվել, այն քննարկման կարիք ունի», - ասել է նա։
Կամբոջայի և Թաիլանդի վարչապետները հոկտեմբերին Մալայզիայում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ներկայությամբ ստորագրել էին համատեղ հռչակագիր, որը սահմանում էր երկրների միջև սահմանային հակամարտության խաղաղ կարգավորման հետագա քայլերը: Կողմերն ընդգծել էին, որ պարտավորվում են «աջակցել լարվածության թուլացմանը, վստահության վերականգնմանը և փոխշահավետ հարաբերություններին»:
Թաիլանդ-Կամբոջա սահմանին բախումները վերսկսվել են դեկտեմբերի 7-ին։



