Թաիլանդի Սահմանադրական դատարանը կասեցրել է վա...

Թաիլանդի Սահմանադրական դատարանը կասեցրել է վարչապետ Փեթոնգթան Չինավատի լիազորությունները՝ պատգամավորների հանրագրից հետո, որով պահանջվում է պաշտոնից հեռացնել նրան: Այս մասին հաղորդում է The Nation Thailand-ը։

Պարբերականի տվյալներով՝ 36 սենատորներ պահանջել են հեռացնել Փեթոնգթան Չինավատին այն բանից հետո, երբ համացանցում հայտնվել է նրա հեռախոսազրույցի ձայնագրությունը Կամբոջայի նախկին վարչապետ Հուն Սենի հետ: Նրանց կարծիքով, սահմանային վեճի քննարկման ընթացքում վարչապետի արած հայտարարությունները վերաբերում են երկրի ինքնիշխանությանը: Նշվում է, որ դատավորները քվեարկել են վարչապետի պաշտոնում Փեթոնգթանի լիազորությունների կասեցման օգտին մինչև նրա գործով որոշում կկայացվի: Բայց նա դեռ կարող է աշխատել որպես մշակույթի նախարար նոր կառավարությունում։

Իր հերթին, Thai Enquirer հարթակը գրում է, որ ըստ սենատորների՝ քաղաքական գործիչը «չի կարողացել կատարել իր սահմանադրական պարտավորությունները, խուսափել է պատշաճ պատասխաններ տալուց և գործել է Կամբոջայի շահերին համապատասխան՝ անձնական կապերի լույսով»: 

Հունիսի 19-ին Թաիլանդի արտաքին գործերի նախարարությունը կանչել է Բանգկոկում Կամբոջայի դեսպանին՝ Չինավատի և Հուն Սենի միջև մասնավոր հեռախոսազրույցի արտահոսքի առնչությամբ, որի ժամանակ քննարկվել էր երկու պետությունների միջև սրված սահմանային վեճը: Դիվանագետին է հանձնվել բողոքի նոտա, որտեղ կամբոջական կողմի գործողությունները համարվել են «դիվանագիտական ​​էթիկայի խախտում և վստահության լուրջ չարաշահում»: 

Զրույցի ձայնագրությունը հրապարակվել է հունիսի 18-ին սոցիալական ցանցերում այն բանից հետո, երբ Հուն Սենն այն ուղարկել է կամբոջացի պաշտոնյաներին: Թաիլանդի հասարակայնությանը վրդովեցրել է Չինավատի այն արտահայտությունը, որով նա Հուն Սենին կոչ է արել ուշադրություն չդարձնել զինվորականների հայտարարություններին, այդ թվում՝ Կամբոջայի հետ սահմանին տեղակայված Թաիլանդի ցամաքային ուժերի 2-րդ ռազմական շրջանի հրամանատարի խոսքին: Դժգոհություն է առաջացրել նաև այն տոնայնությունը, որով Չինավատը դիմել է Հուն Սենին՝ նրան անվանելով «քեռի», ինչն անընդունելի է համարվում պաշտոնական համատեքստում: