Թագուհի Թովմասյանը «միացավ» «Քաղաքացիական պայ...

Այսօր, ի պատասխան իշխանությունների կողմից հակաժողովրդավարական վարքագծի, ընդդիմադիր խմբակցություններից ԱԺ հանձնաժողովների նախագահի և փոխնախագահների պաշտոն զբաղեցնող պատգամավորները հրաժարականի դիմումներ ներկայացրեցին և թողեցին այդ պաշտոնները թափուր։

ԱԺ արտահերթ ընտրություններից հետո Դոնթի բանաձևով ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությանն էր հասել նաև Մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահի պաշտոնը, որը ընդդիմադիր ամենամեծ խմբակցությունը զիջել էր ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցությանը և այդ պաշտոնում ընտրվել էր խմբակցության անդամ (նախկին «Իմ քայլ»-ական) Թագուհի Թովմասյանը։

Այսօր, երբ ընդդիմադիրները վայր են դրել համապատասխան հանձնաժողովների իրենց նախագահի կամ փոխնախագահի պաշտոնները՝ Թագուհի Թովմասյանը հայտարարել է, թե ինքը չի հրաժարվելու հանձնաժողովի նախագահի պաշտոնից և «շարունակելու է ծառայել ժողովրդին»։ Թովմասյանն, ըստ էության, իր այս հայտարարությամբ դեմ է դուրս գալիս ընդդիմադիր խմբակցությունների համատեղ որոշմանը և միանում է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությանը։ Այլ կերպ հնարավոր չէ բացատրել այս որոշումը։ Թագուհի Թովմասյանը կամ մեկ այլ ընդդիմադիր այդ պաշտոնում ոչինչ չի կարող անել ընդդեմ գործող իշխանությունների, բայց կարող է մնալով օգնել և ցույց տալ, որ բոլոր ընդդիմադիրները չեն մերժում այս իշխանություններին։

Թագուհի Թովմասյանն իր այս քայլով դեմ է դուրս գալիս ընդդիմադիր ընտրողներին և մասնավորապես «Հայաստան» դաշինքի ընտրողներին, քանի որ ինչպես արդեն նշեցինք հենց այս դաշինքն է իրեն հասանելիք պաշտոնը զիջել ընդդիմադիր գործընկերներին։ Կամ, որ ավելի ճիշտ է, նա գողացել է ընդդիմադիր քաղաքացիների ձայները և այն ծառայեցնում է իշխանության շահերին։ Ավելորդ է նաև պատգամավորի պնդումը, թե քաղաքացիներն են իրեն ընտրել, քանի որ կոնկրետ իր մարզում նա խայտառակ քիչ ձայն է հավաքել։

Հիմա բաց է մնում հարց, թե Թագուհի Թովմասյանի այս քայլի պատասխանատվություն ո՞վ է կրելու, երբ պատգամավորն ինքը հրաժարվում է պատասխանատու վարքագիծ դրսևորել։ Կարծում ենք քաղաքական հակաբարոյական այս քայլի առաջին պատասխանատուն «Հայրենիք» կուսակցության առաջնորդ Արթուր Վանեցյանն է (այս դրվագին մենք դեռ առանձին հրապարակմամբ կանդրադառնանք) և «Հայաստան» ու «Պատիվ ունեմ» խմբակցությունները, որոնք Թովմասյանին ընտրել են հանձնաժողովի նախագահ, բայց ոչ մի լծակ չունեն հետ կանչել նրան, ինչով դառնում են մասնակից ընտրողներին քցելու գործընթացին։