ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը վստահեցրել է, որ ԱԺ նախագահի` ընդդիմադիր պատգամավորներին նիստերի դահլիճից դուրս հանելու հրամանն ապօրինի էր, և նա դիմումներ է ներկայացնելու իրավապահ կառույցներին, որպեսզի մեղավորները քրեական պատասխանատվության ենթարկվեն։
Թովմասյանն իր որոշման մասին հայտնել է խմբակցության հրավիրած ասուլիսի ժամանակ` անդրադառնալով խորհրդարանում տեղի ունեցած միջադեպին։
«Ես հիմա աշխատում եմ դիմումների վրա և ուղարկելու եմ բոլոր ուժային կառույցներին, որպեսզի ապօրինություններ թույլ տված մարդիկ քրեական պատասխանատվության ենթարկվեն։ Մենք չենք կարող հանդուրժել, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն ԱԺ–ն դարձնի իրենց սեփական օբյեկտը։ Չի լինելու նման բան։ Երեկ նրանք սպառել են իրենց ստելու լիմիտը»,– ասաց Թովմասյանը։
Նա ընդգծեց, որ տարբեր խորհրդարաններում վիճաբանություններ, տարաձայնություններ լինում են, սակայն հնարավոր չէ այնտեղ տեսնել, որ անվտանգության աշխատակիցներն ագրեսիվ կերպով քաշքշեն պատգամավորներին, այն էլ՝ ընդմիջման ժամանակ։ Թովմասյանն այդ միջադեպը խայտառակություն որակեց։
«Հայտարարում եմ, որ ԱԺ նախագահի` մեզ դահլիճից դուրս հրավիրելու հրամանը միանգամայն ապօրինի էր, այն դեպքում, երբ հենց ինքն ընդմիջում հայտարարեց։ Նշեմ նաև, որ ԱԺ նախագահի հրամանը կատարողներն իրավունք չունեին որևէ կերպ խոչընդոտելու պատգամավորների աշխատանքը։ Բոլոր օրենքներով գրված է, որ անվտանգության աշխատակիցները պետք է չեզոքացնեն վտանգը, իսկ տվյալ դեպքում որևէ վտանգ չկար»,– ասաց Թովմասյանը։