Սյունիքի մարզում մայրը 7 ամսական դստերը քնեցր...

Հունվարի 5-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 09:30-ի սահմաններում «Գորիս» բժշկական կենտրոնից ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Գորիսի բաժին ահազանգ է ստացվել, որ շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Սյունիքի գյուղերից մեկը, որտեղ փորձել են բուժօգնություն ցուցաբերել երեխային, սակայն նա եղել է մահացած, հաղորդում է Shamshuan.com-ը:

Տեղում ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը նույն տան բնակիչ, 7 ամսական Մարիամ Ս.-ն է:

Կայքի տեղեկություններով՝ երեխայի 29-ամյա մայրը ոստիկաններին և քննիչներին հայտնել է, որ 1 օր առաջ՝ հունվարի 4-ին՝ 21:00-ի սահմաններում իր երեխային կերակրել է, ապա քնեցրել իրենց ննջասենյակում գտնվող օրորոցի մեջ, իսկ հունվարի 5-ին՝ ժամը 09:10-ի սահմաններում հայրը փորձել է արթնացնել երեխային, սակայն նրան հայտնաբերել է մահացած:

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:

Դեպքի փաստով Գորիսի քննչական բաժնում «սպանություն (հանկարծամահություն)» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:

Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն: