Սյունիքի եւ Գեղարքունիքի մարզերում ստեղծված ի...

Մայիսի 12-ին և 13-ին, «սահմանների ճշգրտման» պատրվակով ադրբեջանական ԶՈւ կողմից Հայաստանի Հանրապետության Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի սահմանային որոշ հատվածների հանդեպ իրականացված ոտնձգություններից հետո ստեղծված իրադրությունը, մայիսի 15-ի առավոտյան դրությամբ, դեռևս չի հանգուցալուծվել: Այս մասին  հայտնում են ՀՀ Պաշտպանության նախարարությունից:

Չնայած հանգամանքին, որ հայկական ստորաբաժանումների ձեռնարկած գործողությունների արդյունքում ադրբեջանական զինվորականները ստիպված են եղել հեռանալ որոշ հատվածներից, նրանց մի մասը այս պահին շարունակում է գտնվել Հայաստանի Հանրապետության տարածքում։

Հայաստանի Հանրապետության զինված ուժերը կարևորում են իրադրության խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը, այդուհանդերձ, ևս մեկ անգամ հայտարարում, որ ոտնձգությունները Հայաստանի ինքնիշխան տարածքների հանդեպ բացարձակ անընդունելի են, և ադրբեջանական կողմը պարտավոր է առանց նախապայմանների վերադառնալ իր ելման դիրքեր։

Հարկ ենք համարում նշել, որ բոլոր երեք ուղղություններում, որտեղ ադրբեջանական զինուժը փորձել է դիրքային առաջխաղացում ապահովել, թե՛ ամբողջ տարածքը, թե՛ իրենք՝ զինվորականները, և թե՛ նրանց ապահովման ուղիները գտնվում են հայկական զինված ուժերի լիարժեք վերահսկողության տակ։

Ակնկալվում է, որ խնդրի խաղաղ հանգուցալուծման նպատակով դեռևս մայիսի 12-ից սկսված բանակցությունները կշարունակվեն այսօր:

Հաշվի առնելով ստեղծված իրադրության շուրջ համացանցում և տարբեր լրատվամիջոցներում տարածվող ապատեղեկատվության մեծ ծավալը, ևս մեկ անգամ կոչ ենք անում ձեռնպահ մնալ չստուգված, առավել ևս կեղծ տեղեկություններ տարածելուց: Պաշտպանության նախարարությունը, օրվա ընթացքում, պարբերաբար հանդես կգա իրադրության վերաբերյալ համապատասխան պարզաբանումներով: