Սուտ է այն պնդումը, որ իշխանության չվերարտադրման պարագայում պատերազմ է լինելու միայն այդ փաստի ուժով: Այս մասին գրել է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը։
«Պատերազմը չի պայմանավորվում մեկ անձի ընտրվելով կամ չընտրվելով։ Պատերազմի համար անհրաժեշտ է մի շարք գործոնների համադրություն, ինչպիսիք են տարածաշրջանային գործընթացները (Իրանի և ԱՄՆ-ի միջև պատերազմը և դրա ձգձգումը, Թուրքիայի գործոնի ամրապնդումը, Ռուսաստանի ազդեցության շարունակական նվազումը), Հայաստանում առկա իշխանության ինքնապաշտպանության կազմակերպման ունայնությունը, ինչպես նաև այլ հանգամանքներ։
Իրականում ԱՄՆ/Իսրայել–Իրան պատերազմից չափազանց շատ բան է կախված Ադրբեջանի ախորժակի առումով, ինչը Հայաստանի իշխանության վերարտադրման հետ ուղղակի կապ չունի։
Պատերազմ չի լինի, եթե լինի ուժեղ բանակ, հավասարակշռված դիվանագիտություն և կանխատեսելի քաղաքականություն, ինչը նշանակում է, որ իշխանության չվերարտադրվելն այս առումով ավելի նպաստավոր է:
Ինչ վերաբերում է պատերազմին, ապա այն հրահրելուց առաջ անհրաժեշտ են տասնյակ գործոնների առկայություն, մի շարք նախապայմաններ, նախապատրաստական աշխատանքներ, ակտիվ դիվանագիտական գործունեություն և բարենպաստ միջազգային իրավիճակ ու միջավայր։
Փաշինյանի չվերարտադրվելը այդ գործոններից որևէ մեկի վրա ինքնին ազդեցություն չի ունենալու։ Հետևաբար, նման ձևակերպումը լոկ մանիպուլյացիա է»,-գրել է նա։



