Yerevan.today-ը գրում է
«Անպայման հայտարարագիր կներկայացնեմ, որպեսզի բոլորի համար պարզ լինի, թե ինչպես եմ ձեռք բերել բնակարանը»,- լրագրողների հետ զրույցում նշել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը՝ անդրադառնալով իր թանկարժեք բնակարանի վերաբերյալ մամուլի հրապարակումներին: Նա վստահեցնում է, որ որևէ զարմանալի բան չկա ոչ գործարքում, ոչ էլ իր բնակարան ձեռք բերելու մեջ:
Նշենք, որ Hetq.am կայքը հետաքննական հոդված էր հրապարակել, որ Սուրեն Պապիկյանը Երևանի կենտրոնում 165 քմ տարածքով թանկարժեք բնակարան է ձեռք բերել, որի շուկայական գինն այժմ 412.000 ԱՄՆ դոլար է, իսկ 6 ամիս առաջ` գործարքի ժամանակ, այն ձեռք է բերել 168 000 ԱՄՆ դոլարով:
Սուրեն Պապիկյանը, սակայն, առաջին բնակարանը չէ, որ ձեռք է բերել հեղափոխությունից հետո և արդեն պաշտոնավարման շրջանում։ Մինչ Պապիկյանի` նոր հայտարարագիր ներկայացնելը, հիշենք, թե նա ինչ է պաշտոնապես հայտարարագրել մինչ այս:
Այսպես, Սուրեն Պապիկյանը ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնը ստանձնելու դրությամբ ունեցել է 1 300 000 դրամ և 1400 ԱՄՆ դոլար: Նա հայտարարագրել է նաև NISSAN TEANA մակնիշի ավտոմքենա, անշարժ գույք չի հայտարարագրել:
2019 թվականի հայտարարագրում արդեն տեսնում ենք, որ Սուրեն Պապիկյանին պատկանում է միանգամից երեք հողամաս Լոռիում, որոնք սակայն նշված է, որ ձեռք է բերել 2003 թվականին: Բացի այդ, Սուրեն Պապիկյանը 2019 թվականին Երևանի Արաբկիր թաղամասում (ըստ մամուլի հրապարակումների՝ Երազ թաղամասում) ձեռք է բերում 26,762,300 դրամ արժողությամբ բնակարան: Այդ տարում Պապիկյանը նաև երկու բանկից վարկեր է վերցնում՝ համապատասխանաբար 18,733,610 և 1,850,000 դրամ:



