Hraparak.am-ը գրում է․
«Այսօր Նիկոլ Փաշինյանն աշխատանքից ազատել է պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանին և նրա փոխարեն նշանակել փոխվարչապետ Սուրեն Պապիկյանին, որն ընդամենը ժամկետային զինվորական ծառայություն է անցել և իր բանակային կյանքում աչքի է ընկել նրանով, որ մարդ է դանակահարել ու դատապարտվել է ազատազրկման։ Սուրեն Պապիկյանի նշանակման վերաբերյալ կարծիք հարցրինք ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանից:
«Այդ մեկնաբանությունը Դուք պետք է ստանաք հանրապետության կառավարության աթոռին նստած անձնավորությունից՝ Նիկոլ Փաշինյանից»,- արձագանքեց Օհանյանը։ Նրան հարցրինք՝ մարտական ուղի չանցած անձը կարո՞ղ է ղեկավարել պաշտպանական թիվ 1 գերատեսչությունը:
«Ես հիմա չեմ կարող գնահատական տալ` կարո՞ղ է ղեկավարել, թե՞ չի կարող այդ անձը պաշտպանության նախարարությունը, բայց 2 բան կարող եմ ասել, որ պաշտպանության նախարարի պաշտոնը քաղաքական պաշտոն է, և քաղաքական թիմն է որոշում, թե ում նշանակել, բայց միևնույն ժամանակ էլ այդ քաղաքական պաշտոնում նշանակված անձնավորությունը պետք է նաև ինչ-որ ճանապարհ անցած անձնավորություն լինի։ Գտնում եմ, որ այսօր կառավարության մեջ գտնվող անձինք, որոնք երկիրը տարել են պարտության, այդ ճանապարհն իրենք չեն անցել, և ամենակարևորը, որ պատերազմի ժամանակ և պատերազմից հետո նույն տեղական ինքնակառավարման մարմինների հետ կապված այդ անձնավորությունը, որ բավականին լուրջ խնդիրներ պիտի կատարեր նաև խորքում մեր պաշտպանության օպերատիվ կառավարման ուղղությամբ, չի իրականացրել, մնացածն արդեն իրենց որոշումն է, ես չեմ կարող մեկնաբանել»,- պատասխանեց Օհանյանը։
Նրան հարցրինք նաև, թե ինչ կարծիք ունի այն տեսակետների մասին, որ Պապիկյանի նշանակումը զուտ հետևանքն է նրա, որ Նիկոլ Փաշինյանն այժմ իր շրջապատում էլ ոչ մեկի չի վստահում, Սեյրան Օհանյանը պատասխանեց․
«Դե, եթե վստահված անձնավորություն չունի ինքն իր շրջապատում, դա նշանակում է, որ ինքն իր պետական կառավարման գործունեության մեջ լիարժեք չի կարողանում աշխատել, որովհետև, եթե չունես այն վստահելի համակարգերը, այդ համակարգերում այն վստահելի անձինք, որոնք քո ծրագիրն առաջ են տանում, դա նշանակում է, որ այդ ծրագիրը ոչ լիարժեք է իրականացվում, իսկ դա փաստ է, որ այսօր կառավարության ծրագրերը մինչև պատերազմը չեն իրականացվել, նրանք երկիրը տարել են պատերազմի, պատերազմի ժամանակ ոչինչ չեն արել՝ երկիրը պատշաճ կերպով ղեկավարելու, երկիրը պատերազմական ռելսերի վրա փոխադրելու, բանակին թիկունք կանգնելու համար, և պատերազմից հետո էլ ոչ մի լիարժեք ռազմավարական վերանայում չեն իրականացրել՝ իրավիճակին գնահատական տալու, դրանից դուրս գալու ելքեր գտնելու համար։ Եթե իրենք նշանակում են, անընդհատ փոփոխություններ են կատարում, և արագ փոփոխություններն են էն առաջին պատճառները եղել, որ պատերազմի ժամանակ պաշտպանության նախարարության օգտակար գործողության գործակիցն իջել է»:



