
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնին տրամադրվել է ժամանակակից ռենտգեն սարքավորում Եվրոպական միությունը և ԱՀԿ-ն այսօր «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնին են տրամադրել ռադիոլոգիայի սենյակի համար ժամանակակից ռենտգեն սարքավորում։ Սարքավորումը տրամադրվել է երկրում COVID-19-ի տարածումը կանխելու ուղղությամբ իրականացվող օժանդակության առավել լայն փաթեթի շրջանակում:
Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը, ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, ԱՀԿ հայաստանյան գրասենյակի հատուկ ներկայացուցիչ Օլեգ Ստորոժենկոն այսօր այցելել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն՝ հանձնելու ռենտգեն սարքավորումը։ Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ Հայաստանի մարզային 6 այլ հիվանդանոցների տրամադրվել է նոր ռենտգեն սարքավորում, որը հնարավորություն է տալիս հետևել հիվանդության ընթացքին և ընդունել բուժմանն առնչվող որոշումներ։
Սարքավորումներն անգնահատելի են հիվանդանոցների համար, որոնք օրական կտրվածքով ընդունում են հարյուրավոր COVID-19-ով հիվանդներ: Ավանդական ռենտգենյան ճառագայթները շարունակում են արդյունավետ լինել ախտորոշումը հաստատելու համար, սակայն թվային ռենտգենյան ճառագայթները թույլ են տալիս ստանալ ավելի լավ որակի պատկեր, ինչն էլ թույլ է տալիս հիվանդանոցում կատարել ճշգրիտ և արագ ախտորոշում։