Սուդանում սպանել են Կարմիր խաչի հինգ կամավորի

Կարմիր խաչի և Կարմիր մահիկի ընկերությունների միջազգային ֆեդերացիան «ցնցված և խորապես վշտացած» է Սուդանի Հյուսիսային Կորդոֆանի նահանգում հինգ կամավորների սպանության առիթով: Այս մասին ասվում է կազմակերպության մամուլի հաղորդագրության մեջ:

Կազմակերպության տվյալներով՝ միջադեպը տեղի է ունեցել հոկտեմբերի 27-ին Բարա քաղաքում: Ֆեդերացիայում նշել են, որ կամավորները պաշտոնական գործուղման մեջ էին պարենի բաշխման խմբի կազմում: Նրանք կրում էին Կարմիր խաչի և Կարմիր մահիկի խորհրդանշանով բաճկոններ, որոնք պետք է ապահովեին նրանց լիակատար պաշտպանությունը, և ունեին տեղական մասնաճյուղի կողմից տրված ինքնության հավաստագրեր: Եվս երեք կամավոր անհետ կորած են:

Սուդանում հակամարտության սկզբից ի վեր ֆեդերացիայի 21 աշխատակից է զոհվել է ծառայողական պարտականությունները կատարելիս:

Սուդանում իրադրությունը սրվել է 2023 թվականի ապրիլին՝ Սուվերեն խորհրդի (ժամանակավոր ղեկավար մարմնի) նախագահ, բանակի հրամանատար Աբդել Ֆաթթահ ալ-Բուրհանի և «Արագ արձագանքման ուժերի» ղեկավար Մոհամմեդ Համդան Դագալոյի միջև տարաձայնությունների պատճառով: Խարթումում սկսված բախումներն արագ տարածվել են երկրի մյուս շրջաններում: Քաղաքացիական պատերազմի ընթացքում առնվազն 150 000 մարդ է զոհվել, ավելի քան 12 միլիոնը՝ տեղահանվել, շատերը գտնվում են սովի եզրին: