Ստրասբուրգում լսումներ կսկսվեն ֆոն դեր Լայենի...

COVID-19-ի պատվաստանյութեր գնելիս կոռուպցիայի համար Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենին  անվստահության քվե հատնելու հարցը հուլիսի 7-ին Ստրասբուրգում կքննարկեն Եվրախորհրդարանի նստաշրջանում: Ներկա կլինեն ֆոն դեր Լայենն անձամբ և Եվրահանձնաժողովը՝ լրիվ կազմով: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Անվստահության քվեի հարցի քննարկումն առաջադրելու  նախաձեռնողն է ռումինացի եվրապատգամավոր Գեորգե Պիպերյան: Նրա հարցմանը պետք է հավանություն տար Եվրախորհրդարանի 720 անդամների առնվազն մեկ տասներորդը կամ 72 մարդ: Արդյունքում առաջարկը ստացել է 74 մարդու հավանությունը, որոնցից 31-ը պատկանում են «Եվրոպացի պահպանողականներ և ռեֆորմիստներ» (ECR) աջ ծայրահեղական խմբին: Պիպերյան ֆոն դեր Լայենին և Եվրահանձնաժողովին մեղադրում է, այդ թվում, համավարակի ընթացքում թափանցիկության բացակայության և ոչ պատշաճ կառավարման մեջ: 

Եվրահանձնաժողովի ղեկավարին անվստահության քվե հայտնելու հավանականությունը չափազանց փոքր է, քանի որ Եվրախորհրդարանի առաջատար խմբակցությունը՝ Եվրոպական ժողովրդական կուսակցությունը, որի անդամ է Եվրահանձնաժողովի ղեկավարը, արդեն հայտարարել է, որ կաջակցի ֆոն դեր Լայենին. նրա համար, ըստ էության, երաշխավորված է նաև լիբերալների և սոցիալիստների աջակցությունը։ Այսինքն՝ Եվրախորհրդարանի պատգամավորների ավելի քան երկու երրորդը դեմ կքվեարկի։ 

POLITICO եվրոպական հրատարակության գնահատմամբ՝ թեև ֆոն դեր Լայենին անվստահության քվե հայտնելու քվեարկությունը «խորհրդանշական բնույթ է կրում», այն «ընդգծում է Բրյուսելում աճող զայրույթը նրա նկատմամբ՝ մի շարք հակասական գործողություններից և սկանդալներից հետո»։ Պարբերականն ընդգծում է, որ, եթե անվստահության քվեն, այնուամենայնիվ, ընդունվի, ապա «դա կհանգեցնի ամբողջ Եվրահանձնաժողովի հրաժարականին, և կսկսվի 27 նոր եվրակոմիսարների նշանակման բարդ գործընթացը»։

Կոռուպցիայի մեղադրանքների պատճառով Եվրահանձնաժողովի ամբողջ կազմով հրաժարականի նախադեպ արդեն եղել է Եվրամիության պատմության մեջ։ 1999 թվականի մարտի 15-ին միանգամից հրաժարական տվեց լյուքսեմբուրգցի Ժակ Սանտերի ամբողջ հանձնաժողովը: