
Շվեդիայի արտաքին գործերի նախարարությունը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի տեքստի վերաբերյալ բանակցությունների ավարտը՝ խրախուսելով կողմերին արագորեն ստորագրել այն։
Այս մասին ասված է Շվեդիայի արտաքին գործերի նախարարության X-ի միկրոբլոգում արված գրառման մեջ։
«Շվեդիան ողջունում է լուրը, որ Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնության են եկել խաղաղության պայմանագրի տեքստի վերաբերյալ և խրախուսում է դրա արագ ստորագրումը` նպաստելու համար տարածաշրջանում կայուն խաղաղությանը, կայունությանը և բարգավաճմանը»,-նշված է Շվեդիայի ԱԳ նախարարության գրառման մեջ:
Հայաստանն ու Ադրբեջանը մարտի 13-ին հայտարարել են, որ վերջնական համաձայնության են հասել խաղաղության համաձայնագրի նախագծի տեքստի շուրջ։ Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ պատրաստ է Բաքվի հետ քննարկումներ սկսել համաձայնագրի ստորագրման ժամկետների և վայրի վերաբերյալ։ Բազմաթիվ երկրներ արդեն ողջունել են Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնության ձեռքբերումը խաղաղության համաձայնագրի տեքստի շուրջ և հույս են հայտնել, որ այն կստորագրվի հնարավորինս շուտ։