Լաչինի միջանցքի շարունակական շրջափակումն էլ ավելի անհրաժեշտ է դարձնում Լեռնային Ղարաբաղ ու Լաչինի միջանցք միջազգային փաստահավաք առաքելության գործուղումը: Այս մասին այսօր՝ հունվարի 5-ին, կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ անհրաժեշտ է շարունակական ջանքեր գործադրել այս ուղղությամբ:
Վարչապետն ընդգծեց՝ Հայաստանը հավատարիմ է 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի, 2021 թվականի նոյեմբերի 26-ի, 2022 թվականի հոկտեմբերի 31-ի եռակողմ հայտարարություններին, ինչպես նաև 2022 թվականի հոկտեմբերի 6-ի Պրահայի քառակողմ հանդիպման պայմանավորվածություններին, որոնք արձանագրված են այդ հայտարարությունների մեջ:
Փաշինյանը տեղեկացրեց, որ ԼՂ-ում հաստատված հումանիտար ճգնաժամի կառավարման հարցում ԼՂ ժողովրդին աջակցելու նպատակով աշխատանքային խումբ է ստեղծվել՝ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ: Խումբն արդեն մի քանի նիստ է արել եւ կայացնում է իրավիճակից բխող հումանիտար բնույթի որոշումներ, եւ գործունեությունը կշարունակի որքան անհրաժեշտ է:



