
ԱՄՆ-ում Սթենֆորդի համալսարանի ուսանողական թերթը դատական հայց է ներկայացրել ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի և ներքին անվտանգության նախարար Քրիստի Նոեմի դեմ՝ ուսանողների արտաքսման և նրանց վիզաների չեղարկման վերաբերյալ։
«NBC» հեռուստաալիքը ապրիլի 4-ին հայտնել է, որ ԱՄՆ առնվազն 22 նահանգներում օտարերկրյա ուսանողներին զրկում են ամերիկյան վիզաներից՝ առանց բացատրության, իսկ քաղաքացիական հագուստով իշխանությունների ներկայացուցիչները նրանց «բռնում» են հենց փողոցում։ Հեռուստաալիքի փոխանցմամբ՝ ուսանողներն ու դպրոցները հայտարարում են «զանգվածային շփոթության» մասին՝ կապված վիզաների չեղարկման պատճառների և ամերիկյան իշխանությունների գործողությունների օրինականության հետ։
«Միացյալ Նահանգներում ոչ ոք չպետք է վախենա կեսգիշերային դռան թակոցից՝ սխալ կարծիք հայտնելու համար... Այնուամենայնիվ, պետքարտուղար Մարկո Ռուբիոն և Թրամփի վարչակազմը փորձում են մարդու խոսքի ազատության անօտարելի իրավունքը վերածել դաշնային պաշտոնյայի քմահաճույքին ենթակա արտոնության։ Նրանք արտաքսման գործընթաց են սկսում այս երկրում օրինական բնակվող ոչ քաղաքացիների դեմ՝ ԱՄՆ արտաքին քաղաքականության և Իսրայելի վերաբերյալ իրենց պաշտպանված քաղաքական խոսքի համար», - ասվում է դատական հայցում, որը հրապարակվել է թերթի անունից Անձի և ինքնարտահայտման իրավունքների հիմնադրամի (FIRE) կայքում:
Ըստ փաստաթղթի՝ որպես հայցվոր հանդես են գալիս «Stanford Daily» թերթը, ինչպես նաև երկու անանուն «ոչ քաղաքացիներ», որոնք ԱՄՆ են ժամանել ուսանողական վիզայով։ Ինչպես նշվում է, նրանք հրաժարվում են մերձավորարևելյան հակամարտության հետ կապված առաջադրանքներից՝ վախենալով, որ իրենց կզրկեն ուսանողական վիզայից՝ «հակաամերիկյան կամ հակաիսրայելական արտահայտությունների» համար։
Հայցի հեղինակները պնդում են, որ ներգաղթի և քաղաքացիության մասին օրենքի (INA) դրույթները, որոնց վրա հիմնվում են Ռուբիոն և Թրամփի վարչակազմը արտաքսումների ժամանակ՝ հակասում են ԱՄՆ Սահմանադրությանը՝ խոսքի ազատության կիրառման հարցում։
«Երբ դաշնային օրենքը հակասում է Առաջին փոփոխության իրավունքներին՝ գերակշռում է Սահմանադրությունը», - ասվում է դատական հայցում։
Նախկինում NBC-ն՝ հղում անելով աղբյուրներին, հայտնել է, որ ԱՄՆ ներքին անվտանգության նախարարությունը ստուգում է օտարերկրյա ուսանողների սոցիալական ցանցերը՝ նրանց վիզաներից զրկելու հիմքեր գտնելու համար։ Նշվում է, որ ուսանողի վերաբերյալ ցանկացած պոտենցիալ զգուշացնող նշան փոխանցվում է ԱՄՆ քաղաքացիության և ներգաղթի ծառայությանը (USCIS), որն իր հերթին խնդրում է Պետդեպարտամենտին որոշել՝ արդյոք պետք է չեղյալ հայտարարել ուսանողի վիզան, թե ոչ։ Հեռուստաալիքի աղբյուրների համաձայն՝ եթե Պետդեպարտամենտը, այնուամենայնիվ, որոշում է, որ ուսանողին պետք է զրկել վիզայից, ապա ներգաղթի և մաքսային ծառայության (ICE) տեղական գործակալներին տեղեկացվում է ուսանողին ձերբակալելու և արտաքսելու անհրաժեշտության մասին։
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն ավելի վաղ հայտարարել է, որ պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման կողմնակիցներին կարտաքսեն Միացյալ Նահանգներից, նրանց վիզաները և կացության թույլտվությունները կչեղարկվեն։ Ավելի ուշ նա հավելել է, որ երկրի իշխանությունները կչեղարկեն տրված վիզաները և կարտաքսեն օտարերկրացիներին անկարգություններին մասնակցելու համար։