
Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Մերձավոր Արևելքում ստեղծված իրադրությունը և ԱՄՆ-ի կողմից իրականացված հարվածներն Իրանին: Այս մասին հաղորդագրություն է տարածել Մեծ Բրիտանիայի վարչապետի գրասենյակը։
«Նրանք քննարկել են Իրանի՝ բանակցությունների սեղանին հնարավորինս շուտ վերադառնալու անհրաժեշտությունը, ինչպես նաև երկարաժամկետ կարգավորման հարցում առաջընթացի հասնելու անհրաժեշտությունը», - ասվում է հաղորդագրության մեջ։
Բացի այդ, ղեկավարները կրկին հայտարարել են այն լուրջ ռիսկի մասին, որն Իրանի միջուկային ծրագիրը ներկայացնում է միջազգային անվտանգության համար։
Զրույցի ընթացքում Սթարմերը և Թրամփը խոսել են Իրանին հասցված ամերիկյան հարվածների մասին, որոնք «ԱՄՆ-ի կողմից ձեռնարկվել են սպառնալիքը նվազեցնելու համար»։ Կողմերը համաձայնել են, որ Իրանին «երբեք չպետք է թույլատրվի միջուկային զենք մշակել»։
ԱՄՆ-ն որոշում էր կայացրել ուղղակիորեն ներգրավվել Իսրայելի և Իրանի միջև մեկ շաբաթից ավելի շարունակվող հակամարտության մեջ՝ հունիսի 22-ին հարվածներ հասցնելով Իրանի միջուկային օբյեկտներին։ Իրանը հայտարարել է, որ իրավունք ունի պատասխան տալ։