Սթարմերը ԵՄ-ի հետ «ավելի սերտ համագործակցությ...

Միացյալ Թագավորության վարչապետ Քիր Սթարմերը ցանկություն է հայտնել վերսկսել Եվրամիության Security Action for Europe (SAFE – Անվտանգության գործողություն Եվրոպայի համար) պաշտպանական հիմնադրամին Մեծ Բրիտանիայի մասնակցության շուրջ ավելի վաղ ձախողված բանակցությունները: Այս մասին հաղորդել է The Times պարբերականը։

«Մենք պետք է ավելի ակտիվորեն ներգրավվենք և անենք ավելին: Ոչ միայն (ԱՄՆ) նախագահ Թրամփն է կարծում, որ Եվրոպան պետք է անի ավելին. այդ կարծիքին են  նաև այլ ղեկավարներ: Ես նույնպես այդ կարծիքին եմ: Ես, իրոք, կարծում եմ, որ ծախսերի, հնարավորությունների և համագործակցության հարցերով մենք պետք է ավելին անենք միասին: Ես հայտնել եմ իմ նկատառումները, և դա նշանակում է, որ մենք պետք է քննարկենք այնպիսի մեխանիզմներ, ինչպիսիք են SAFE-ը և այլ մեխանիզմներ, որպեսզի հասկանաք՝ կա արդյոք ավելի սերտորեն միասին աշխատելու հնարավորություն», - ասել է Մեծ Բրիտանիայի կառավարության ղեկավարը։

Սթարմերը ԵՄ-ի հետ «ավելի սերտ համագործակցության» հարցում «որոշակի առաջընթացի հասնելու» հույս է հայտնել:

2025 թ. նոյեմբերին Bloomberg-ը, վկայակոչելով աղբյուրների, հաղորդել էր, որ SAFE հիմնադրամին Լոնդոնի միանալու շուրջ բանակցությունները ձախողվել են: Գործակալության տվյալներով՝ կողմերն այդպես էլ համաձայնության չեն եկել այդ նախաձեռնությանը Մեծ Բրիտանիայի ֆինանսական ներդրման հարցում:

Ավելի վաղ Financial Times թերթը հաղորդել էր, որ ԵՄ-ն ավելի քան երեք անգամ պակասեցրել է այն վճարի չափը, որ առաջարկվում էր Մեծ Բրիտանիային SAFE-ին միանալու համար: Բրյուսելը հույս ուներ, որ Միացյալ Թագավորությունը կհամաձայնի վճարել 2 միլիարդ եվրո, որպեսզի մասնակցի շուրջ 140 միլիարդ եվրո ծավալ ունեցող SAFE հիմնադրամին: Նախապես Լոնդոնից դրա համար պահանջում էին  6,7 միլիարդ եվրո:

Սակայն, ինչպես նշել է հրատարակությունը, դա միևնույն է տասնյակ անգամ ավելի է, քան 75 միլիոն եվրոն, որը Լոնդոնն, ըստ ԶԼՄ-ների, պատրաստ է վճարել պաշտպանական հիմնադրամին մասնակցելու համար: Միացյալ Թագավորության պաշտպանության նախարար Ջոն Հիլին 2025 թ. նոյեմբերի 19-ին հայտարարել է, որ Մեծ Բրիտանիան կցանկանար դառնալ ԵՄ պաշտպանական հիմնադրամի մաս, բայց «ոչ ցանկացած գնով»: