Ստամբուլում հեշտ բանակցություններ չեն սպասվու...

Ռուս-ուկրաինական ուղիղ բանակցությունների երրորդ փուլը, հեշտ չի լինի, կլինի «շատ բարդ զրույց»: Այդ մասին լրագրողներին հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Առայժմ այդ (խմբ.՝ արդյունքների) մասին հազիվ թե հնարավոր է խոսել, անհրաժեշտ է տեսնել, թե ինչպես կընթանան (բանակցությունները): Բնականաբար, ոչ ոք «հեշտ ճանապարհ» չի սպասում: Բնականաբար, դա շատ բարդ զրույց կլինի: (Հուշագրերի) նախագծերը տրամագծորեն հակադիր են», - Կրեմլի ներկայացուցչի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը:

Պեսկովը նշել է, որ Ռուսաստանի պատվիրակությունը մեկնել է Ստամբուլ, երեկոյան պլանավորված է Ուկրաինայի հետ ուղիղ բանակցությունների երրորդ փուլը: Բանակցություններում Ռուսաստանի պատվիրակության կազմը չի փոխվել, այն գլխավորում է նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին:

Ուկրաինայի պատվիրակությունը կգլխավորի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ռուստեմ Ումերովը։ Բանակցությունները կսկսվեն տեղական ժամանակով ժամը 19։00-ին (Երևանի ժամանակով 20։00-ին)։ Ըստ «ՌԲԿ-Ուկրաինա»-ի աղբյուրների՝ քննարկման հիմնական թեման կլինի երկու երկրի ղեկավարների հանդիպումը։ Բացի այդ, պատվիրակությունները կքննարկեն գերիների փոխանակումը, Ռուսաստան տարված ուկրաինացի երեխաների վերադարձը, հրադադարը։ 

NTV-ն նշում է, որ բանակցությունների բացմանը ելույթ կունենա Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը։ Ըստ ՏԱՍՍ-ի աղբյուրների՝ թուրքական կողմից բանակցություններին ներկա կգտնվեն արտգործնախարարը, հետախուզության ղեկավարը, ԶՈւ գլխավոր շտաբի պետը։