Ստամբուլում հունվարի 12-ին սպասվող եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով Turkish Airlines-ը (THY), Pegasus Airlines-ը և AJet-ը չեղարկել են Ստամբուլի օդանավակայաններից կատարվելիք չվերթները:
Այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը:
Turkish Airlines (THY) ընկերության հաղորդակցության պատասխանատու Յահյա Ուսթյունը հայտարարել է. «Հունվարի 12-ին, երկուշաբթի օրը, Ստամբուլում սպասվող անբարենպաստ եղանակային պայմանների պատճառով, օդերևութաբանական արտակարգ իրավիճակների կոմիտեի (MADKOM) որոշման համաձայն, սահմանափակումներ կկիրառվեն թռիչքների վրա։ Հետևաբար, հունվարի 12-ին Ստամբուլի օդանավակայանից մեկնող/ժամանող մեր 54 չվերթներ չեղարկվել են։
AJet-ի մամուլի պատասխանատուներից Մեհմեթ Եշիլքայան սոցցանցերի իր էջերում գրել է. «Ստամբուլում անբարենպաստ եղանակային պայմանների պատճառով և օդերևութաբանական արտակարգ իրավիճակների կոմիտեի կողմից թռիչքները սահմանափակելու որոշման համաձայն՝ հունվարի 12-ին, երկուշաբթի օրը, «Սաբիհա Գյոքչեն» օդանավակայանից մեկնող և այնտեղ ժամանող մեր 24 չվերթները չեղարկվել են»։
Pegasus Airlines-ը նույնպես հայտարարել է 46 չվերթի չեղարկման մասին:
Ընդհանուր առմամբ չեղարկվել է Ստամբուլից մեկնող և ժամանող 124 չվերթ:
Ստամբուլում վատ եղանակի պատճառով երկուշաբթի օրը չեղարկվել են նաև դպրոցների դասերը:



