Սրբուհի Գալյանը ձեռք է բերել պայմանավորվածութ...

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի գլխավորությամբ Հայաստանի պատվիրակությունն աշխատանքային այցով գտնվում է Սինգապուրում՝ մասնակցելու «Վեճերի լուծման այլընտրանքային մեխանիզմներ և արդյունավետ դատական համակարգի լավագույն փորձ» խորագրով բարձր մակարդակի միջոցառմանը։ Այցի նպատակն է ծանոթանալ Սինգապուրի արդարադատության և դատական համակարգին, վեճերի լուծման այլընտրանքային մեխանիզմների կիրառությանը։

Արդարադատության նախարարությունից հայտնում են, որ այցի շրջանակում Սրբուհի Գալյանը հանդիպել է Սինգապուրի արդարադատության նախարար (Minister of law) Էդվին Թոնգի հետ։ 

Սրբուհի Գալյանը ներկայացրել է արդարադատության ոլորտի բարեփոխումների օրակարգը, մասնավորապես անդրադարձել է դատաիրավական բարեփոխումներին և այս համատեքստում դատական համակարգում առկա խնդիրներին և դրանց լուծման հնարավոր մեխանիզմներին։

Սինգապուրի արդարադատության նախարարը կիսվել է իրենց արդարադատության համակարգի հաջողված փորձով, ներկայացրել է վերջին տասնամյակների ձեռքբերումները և կարևորել է օրենսդրության բարելավումն ու կայուն ինստիտուտների ստեղծումը, ինչպես նաև արդյունավետ միջոցների կիրառումը՝ գործերի քննության հստակ ժամկետների և հստակ կանոնների նախատեսումը։

Սինգապուրի արդարադատության նախարարության ներկայացուցիչները ներկայացրել են նախարարության ընդհանուր աշխատանքը՝ գործունեության ուղղությունները, դատական համակարգի կառուցվածքը, առկա խնդիրները և դրանց լուծման ուղիները։

Սրբուհի Գալյանը ձեռք է բերել պայմանավորվածություն նախարարությունների միջև համաձայնագրի կնքման ուղղությամբ։

Աշխատանքային այցը կազմակերպվել է Ասիական զարգացման բանկի աջակցությամբ։

Պատվիրակության կազմում են արդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Դադունցը, Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Արթուր Աթաբեկյանը, Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի նախագահ Գոռ Հակոբյանը։