Դալմայի այգիների հողօգտագործողները կառավարության դիմաց բողոքի ակցիա էին իրականացնում՝ պահանջելով փոխհատուցում: Մնացել են 12-ը, ովքեր չեն ստացել փոխհատուցում: Նրանցից մեկն էլ Սարգիս Գրիգորյանն է, ով Politik.am-ի հետ զրույցում, ներկայացնելով խնդիրը, ասաց.
«1993 թվականից մենք պայքարում ենք մեր իրավունքների համար: Դալմայի այգիները սկզբնական շրջանում տվեցին պայմանագրով գյուղացիներին: Հողատարածքը ստացավ պատմամշակութայինի որակավորում: 1994-95 թվականներին դա հանեցին, ու հողօգտագործողներից գաղտնի հողերն սկսեցին վաճառել անհատներին, ու հաղօգտագործողները, ովքեր տանջվել, չարչարվել, մշակել էին, ոչ մի բանից տեղյակ չեղան»:
Սարգիս Գրիգորյանը նշում է՝ վերջին մեկ տարում լռել են, սպասել են՝ «նոր կառավարությունը տեղավորվի, տեսնի՝ որը որից հետո է», նոր են դիմել, բայց սպասելիքները չեն արդարացել.«Կառավարությունը փոխվելուց հետո նոր կառավարությունն ասում է՝ մենք իրավասու չենք, ու ուղղություն էլ ցույց չեն տալիս՝ ով է իրավասու: Համբերատար սպասել ենք, ասել ենք՝ նոր են եկել, թող տեղավորվեն, հիմա նոր ելել ենք ոտքի, ու մեզ այս պատասխաններն են տալիս: Դիմում ենք գրել վարչապետ Նիկոլ Փաշինյանին, սպասում ենք պատասխանին»:
Հիշեցնենք, որ Դալմայի այգիների հողօգտագործողները տարիներ շարունակ սպասում են իրենց հասանելիք փոխհատուցումներին:



