Երեկ՝ փետրվարի 22-ին, սպանություն է տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում և ոստիկանության Կենտրոնական բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Փարպեցի փողոցի 9 հասցեի շենքի բակում տղամարդու դի կա:
Ինպես դեպքի վայրից հայտնել է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանները նշված շենքի բակում հայտնաբերել են Երևանի բնակիչ՝ 57-ամյա Արման Գ.-ի դին:
Դեպքի վայր ժամանած Երևանի «Կենտրոն» շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը արձանագրել է նրա մահը:
Մինչ դեպքի վայրում քննիչները զննություն էին կատարում, ոստիկանները Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի, ոստիկանության Կենտրանական բաժնի ծառայողները տաք հետքերով հայտնաբերում են ենթադրյալ կասկածյալին:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ պարզվել է, որ մահացածը իր ընկեր Երևանի բնակիչ 33-ամյա Ավետիք Մ.-ի հետ Ղազար Փարպեցու փողոցի 11 ա հասցեի դիմաց ալկոհոլի ազդեցության տակ միմյանց քաշքշել են, այդ ամենը նկատել է Արման Գ.-ի որդին՝ 24-ամյա էրիկ Գ-ն, և նա հարվածներ է հասցրել Ավետիք Մ.-ին, ինչպես նաև մի քանի հարվածներ էլ հասցրել է հորը՝ Արման Գ.-ին, ով քիչ անց քայլելով հասել է Փարպեցու փողոցի 9 հասցեի մոտ և բակում մահացել:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ոստիկաններն ու պարեկները հասնելով դեպքի վայր, նկատել են, որ մի տղա դեպքի վայրից դիմում է փախուստի: Հետապնդելով նրան՝ մահացածի հայտնաբերման վայրից բավականին հեռավորության վրա կարողանում են նրան բռնել:
Պարզվում է, որ նա մահացածի որդին է, ով տեղափոխվում է ոստիկանության Կենտրոնական բաժին, որտեղից էլ նրան ներկյացնում են Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին, որտեղ «սպանություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ: