
Սորոսի ղեկավարած կազմակերպության եւ համանման այլ կառույցների գաղափարներն ու արժեքները Հայաստանը տանում են ինքնաոչնչացման: Այս մասին հինգշաբթի՝ մարտի 4-ին, ռուսական լրատվամիջոցների համար մամուլի ասուլիսում ասաց Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ մեկնաբանելով «սորոսականների» ակտիվ մասնակցությունը երկրի քաղաքական եւ հասարակական կյանքին, հաղորդում է «Sputnik- Արմենիան»:
Պետության նախկին ղեկավարը նշեց, որ Հայաստանի համար, որի հարևան երկրները չեն կիսում նեոգլոբալիստական արժեքները, «սորոսականների» վրա խաղադրույք կատարելը տանում է ինքնաոչնչացման:
«Մենք պետք է դրան հակազդենք»,- կարծում է նա:
Այն ռեպլիկին, թե Հայաստանում Սորոսի հիմնադրամը բացվել է իր նախագահության շրջանում, Քոչարյանը հավելեց, որ այդ մասին նույնիսկ չգիտեր:
«Եղել է ինչ-որ հասարակական կազմակերպություն, եւ այն այդ ժամանակ ոչ մի լուրջ ազդեցություն չի գործել ներքին գործընթացների վրա: Բայց հետո նրանք լրջորեն ուժեղացան՝ ստանալով տպավորիչ ֆինանսական աջակցություն»,- արձանագրեց Քոչարյանը:
Նա վստահ է, որ սորոսական արժեքները հակասում են այն դերին, որը Հայաստանը խաղում է տարածաշրջանում: