
Պետական եկամուտների կոմիտեն հիշեցնում է քաղաքացիներին սոցիալական ծախսերի փոխհատուցման մասին։ Այսպես, եթե ներկայացրել եք եկամուտների տարեկան հայտարարագիր և ունեք եկամտային հարկ, ապա Ձեր և Ձեր ընտանիքի անդամների (ամուսին, ծնողներ և զավակներ) համար կատարած կրթական և առողջապահական սոցիալական ծախսերի դիմաց պետությունից կարող եք ստանալ փոխհատուցում։
Կրթական ծախսերը փոխհատուցվում են, եթե վճարել եք ուսման համար մանկապարտեզում, դպրոցում, քոլեջում, բուհում, երաժշտական, արվեստի, գեղարվեստի, պարարվեստի, մարզադպրոցում և արտադպրոցական այլ հաստատություններում, նաև երաշխավորված այլ արտադպրոցական կամ ոչ ֆորմալ կրթական ծրագրերով կրթական ծառայությունների համար։ Փոխհատուցման ենթակա են նաև 5-12-րդ դասարանների դասագրքերի վարձակալության վճարները։ Իսկ առողջապահական ծախսերը փոխհատուցվում են, եթե Հայաստանում գործող ապահովագրական ընկերությունից ձեռք եք բերել առողջության ապահովագրական փաթեթ կամ վճարել եք ատամնաբուժական ծառայությունների համար։ Առողջապահության գծով սոցիալական ծախսի առավելագույն չափը տարեկան 50 000 դրամ է, իսկ կրթության գծով՝ տարեկան առավելագույնը՝ 100 000 դրամ։ Պետք է հիշել, որ Ձեր և Ձեր ընտանիքի անդամների համար կատարված բոլոր ուղղություններով սոցիալական ծախսերի փոխհատուցման առավելագույնը չափը կազմում է տարեկան 100 000 դրամ:
Սոցիալական ծախսի փոխհատուցումից օգտվելու համար անհրաժեշտ է սոցիալական ծախսերի դիմաց վճարումները կատարել անկանխիկ եղանակով, ծառայություն մատուցողից պարտադիր պահանջել հաշվարկային փաստաթուղթ, ներկայացնել եկամուտների տարեկան հայտարարագիր Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգի միջոցով և հենց նույն համակարգով ուղարկել դիմում ու ստանալ պետության կողմից վերադարձվող գումարը։