Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը հայտարարում է, որ 2026 թվականի մարտի 1-ից սկսելու է սննդի առաքման ոլորտում լայնածավալ վերահսկողություն. առաքում իրականացնող անձանց նախնական ու պարբերական բժշկական զննության ենթարկված չլինելու և սանիտարական (բժշկական) գրքույկի բացակայության դեպքում վարչական պատասխանատվություն կկրեն առաքման ծառայություն մատուցող կազմակերպությունները։ Այս մասին տեղեկացնում են ՍԱՏՄ-ից:
«Նկատի ունենալով վերջին շրջանում հանրություն կողմից սննդամթերքի առաքման ծառայություններից ավելի հաճախ օգտվելու հանգամանքը, ինչպես նաև արձագանքելով քաղաքացիներից ստացվող բողոքների ու ահազանգերի մտահոգիչ քանակին՝ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը 2026 թվականի մարտի 1-ից սկսելու է լայնածավալ վերահսկողություն այս դաշտում. առաքում իրականացնող անձանց նախնական ու պարբերական բժշկական զննության ենթարկված չլինելու և սանիտարական (բժշկական) գրքույկի բացակայության դեպքում վարչական պատասխանատվություն կկրեն առաքման ծառայություն մատուցող կազմակերպությունները. վերջիններիս պարտականությունն է ապահովել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում սննդամթերքի արտադրության և շրջանառության փուլերում սննդամթերքի հետ անմիջական շփում ունեցող աշխատակիցների բժշկական զննության ենթարկվելը:
Հիշեցնենք, որ սննդի շղթայի ցանկացած փուլում (արտադրության, մշակման, վերամշակման, բաշխման, պահման, պահպանման, փոխադրման, ներմուծման, արտահանման և իրացման փուլերը` նախնական արտադրությունից մինչև սպառում, առևտրի և հանրային սննդի ծառայությունների ոլորտ) ներգրավված անձնակազմը պետք է ենթարկվի նախնական (աշխատանքի ընդունվելիս) և պարբերական (յուրաքանչյուր կիսամյակ) բժշկական զննությունների և ունենա անձնական սանիտարական (բժշկական) գրքույկ»,- ասվում է հաղորդագրությունում։



