Սլովենիան դիտարկում է 15 տարեկանից փոքրերի հա...

Սլովենիայի փոխվարչապետ Մատեյ Արկոնը հայտնել է, որ երկիրը պատրաստում է օրինագիծ 15 տարեկանից փոքր երեխաների համար սոցցանցերի հասանելիությունն արգելելու մասին, տեղեկացրել է Reuters-ը։

Արկոնի խոսքով՝ կրթության նախարարությունը նախաձեռնել է այս հնարավորությունը՝ հիմնվելով այլ երկրների փորձի վրա։ Նա ավելացրել է, որ կրթության եւ թվային տեխնոլոգիաների ոլորտի փորձագետները եւս կմասնակցեն օրենքի մշակմանը՝ ուղղված երեխաների եւ դեռահասների պաշտպանությանը։

«Վերջին շաբաթներին եւ ամիսներին այս թեման ակտիվորեն քննարկվում է ամբողջ աշխարհում եւ Եվրոպայում, եւ մենք սրանով, որպես կառավարություն, ցուցադրում ենք այն, որ հոգում ենք մեր երեխաների մասին»,- ասել է Մատեյ Արկոնը կառավարության նիստից հետո։

Պաշտոնյան ընդգծել է, որ կառավարությունը ցանկանում է կարգավորել սոցցանցերը՝ հիշատակելով TikTok-ը, Snapchat-ը եւ Instagram-ը։

Ինչպես գրել է Reuters-ը, Սլովենիան, որը մոտ 2 մլն բնակչություն ունի, հետեւում է Իսպանիայի եւ Հունաստանի օրինակին, որոնք մինչ այդ այս շաբաթ առաջարկել էին արգելել սոցցանցերի օգտագործումը դեռահասների համար։

Մասնավորապես, կառավարության բարձրաստիճան աղբյուրի խոսքով՝ Իսպանիան ցանկանում է արգելել սոցցանցերը 16 տարեկանից փոքր երեխաների համար, իսկ Հունաստանը պատրաստվում է նման արգելք հայտարարել 15 տարեկանից փոքրերի համար։

Այլ երկրներ, ինչպիսին են Մեծ Բրիտանիան եւ Ֆրանսիան, նույնպես դիտարկում են միջոցների խստացման հնարավորությունը սոցցանցերի հանդեպ։