Մեկնարկում է TRIPP նախագծի գործնական փուլը. Թ...

Մեկնարկում է TRIPP նախագծի գործնական փուլը: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը օրվա առիթով ուղերձ է հղել:

«Հատուկ ողջույն Հայաստանում բոլորին՝ այս աներևակայելի ուրախալի առիթով, երբ պաշտոնապես մեկնարկում եք «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագիծը։ Ես շատ հպարտ եմ դրանով։

Ցանկանում եմ շնորհավորել իմ ընկերոջը՝ վարչապետ Փաշինյանին, նրա խիզախ առաջնորդության համար։ Նա ընտրեց խաղաղության ուղին և մեզ հետ աշխատեց՝ վերջ դնելու Հայաստանի և Ադրբեջանի միջև տևական հակամարտությանը։ Ավելի քան 35 տարի այս հակամարտությունը անասելի տառապանքներ է պատճառել և շատերն են փորձել լուծում գտնել, բայց ձախողվել են։ Բայց մենք դա արեցինք, և անցյալ տարի Սպիտակ տանը ստորագրեցինք պատմական խաղաղության համաձայնագիր։

Այսօր մենք շարունակում ենք մեր առաջընթացը «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի և բոլորովին նոր՝ ԹՐԻՓՓ զարգացման ընկերության մեկնարկով։ Միացյալ Նահանգների և Հայաստանի միջև այս գործընկերությունը կստեղծի նոր առևտրային ուղիներ ողջ տարածաշրջանում ապրանքների և էներգետիկ հոսքերի, ինչպես նաև ճանապարհորդությունների համար։ Մենք հանձնառու ենք ապահովել, որ այն ունենա մեծ, մեծ հաջողություն։

Եվս մեկ անգամ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել վարչապետ Փաշինյանին և նրա պաշտոնակցին՝ Ադրբեջանի նախագահ Ալիևին՝ մեզ հետ աշխատելու և այս օրն հնարավոր դարձնելու համար, ինչպես նաև ինձ մեծահոգաբար Խաղաղության Նոբելյան մրցանակի առաջադրելու համար։ Կցանկանայի նաև վարչապետ Փաշինյանին հրավիրել Սպիտակ տուն հաջորդ տարի, երբ նա ժամանի Վաշինգտոն՝ Ազգային աղոթքի նախաճաշին մասնակցելու։ Անհամբեր սպասում եմ մեր հանդիպմանը։ Նա բացառիկ մարդ է և շատ լավ ընկեր։ Միասին կարող ենք խոսել, թե ինչպես արդյունավետ կերպով առաջ մղենք տարածաշրջանային խաղաղությունը և զարկ տանք մեր երկկողմ կապերին։ Միացյալ Նահանգները երբեք այսքան լավ ցուցանիշներ չի ունեցել, որքան հիմա։ Ներդրումների ծավալները մեզ մոտ աննախադեպ են. հենց հիմա Միացյալ Նահանգներում ներդրվում է 22 տրիլիոն դոլար։ Երբեք չի եղել որևէ երկիր, որը նույնիսկ մոտ լինի ներդրումների նման ծավալի։

Եվ վերջում՝ չկա ավելի մեծ կամ ավելի արժանի նպատակ, քան խաղաղությունը և ինձ համար պատիվ է եղել աշխատել Հայաստանի ժողովրդի հետ՝ այս ամենը հնարավոր դարձնելու համար։

Եվս մեկ անգամ շնորհակալություն։

Աստված օրհնի ձեզ բոլորիդ։

Շնորհավորում եմ։

Կեցցե՛ք, հիանալի աշխատանք եք կատարել»,- նշված է ուղերձում։