Հունգարիան նախկինի պես դեմ է Ռուսաստանի դեմ Եվրամիության պատժամիջոցներին և բացահայտորեն արտահայտում է իր դիրքորոշումն այս հարցում։ Այս մասին X-ի իր էջում գրել է Հունգարիայի ԱԳ նախարար Պետեր Սիյարտոն՝ մեկնաբանելով մի շարք օտարերկրյա լրատվամիջոցների կողմից ռուս պաշտոնյաների հետ իր հեռախոսազրույցների բովանդակության հրապարակումը, որոնք հայտնի են դարձել օտարերկրյա հատուկ ծառայություններին։
Ինչպես հայտնել էր արևելաեվրոպական VSquare պարբերականը, նա ռուս պաշտոնյաների հետ քննարկել է որոշ ռուսաստանցի քաղաքացիների և առևտրային ընկերությունների դեմ սահմանված ԵՄ պատժամիջոցները չեղարկելու հնարավորությունները։ Սիյարտոն չի հերքել ո՛չ բուն փաստը, ո՛չ այդ զրույցների մանրամասները, սակայն նշել է, որ ինքը, ըստ էության, թաքցնելու ոչինչ չունի, քանի որ նույնն ասել է նաև իր հրապարակային ելույթների ժամանակ։
«Վաղուց հայտնի է, որ օտարերկրյա հատուկ ծառայությունները՝ հունգարացի լրագրողների ակտիվ մասնակցությամբ, գաղտնալսում են իմ հեռախոսազրույցները։ Այսօր նրանք նոր «կարևոր բացահայտում» են արել. նրանք ապացուցել են, որ ես հրապարակավ ասում եմ նույնը, ինչ հեռախոսով։ Հիանալի աշխատանք է»,- գրել է նախարարը։
«Չորս տարի է՝ մենք պնդում ենք, որ պատժամիջոցները ձախողում են, որոնք ավելի շատ վնաս են հասցնում Եվրամիությանը, քան Ռուսաստանին։ Հունգարիան երբեք չի համաձայնի պատժամիջոցների այն առանձին անձանց կամ ընկերությունների դեմ, որոնք կարևոր նշանակություն ունեն մեր էներգետիկ անվտանգության, խաղաղության հասնելու համար, կամ նրանց դեմ, ում պատժամիջոցների ցուցակում ներառելու համար հիմքեր չկան»,- հայտարարել է Սիյարտոն։
Միևնույն ժամանակ, նա հեգնանքով նշել է, որ գաղտնալսված հեռախոսազրույցների ցանկը ամբողջական չէ։
«Ես նաև կանոնավոր կերպով խորհրդակցել եմ ԵՄ անդամ չհանդիսացող մի շարք երկրների արտաքին գործերի նախարարների հետ պատժամիջոցների հետ կապված հարցերի շուրջ»,- հավելել է Հունգարիայի ԱԳ նախարարը։



