Սիրիայում ԱՄՆ ռազմակայանի վրա հարձակման հետևա...

Հարձակման է ենթարկվել Սիրիայի արևելքում Դեյր էզ Զորի նահանգի Էլ Օմար նավթային հանքավայրի շրջանում տեղակայված ռազմակայանը, որը վերահսկում են ԱՄՆ զինծառայողները։ Այս մասին հաղորդում է Մարդու իրավունքների սիրիական դիտարանը (Syrian Observatory for Human Rights - SOHR):

Ըստ կազմակերպության տվյալների՝ հարձակման հետևանքով զոհվել է քրդական «Սիրիայի դեմոկրատական ​​ուժերի» (ՍԴՈւ) առնվազն 5 մարտիկ, 20-ը վիրավորվել են։

Հարձակման հետևում, ըստ նույն հրապարակման, կանգնած են «Իսլամական դիմադրության» անդամները՝ որպես «վրեժ» Գազայի հատվածում տեղի ունեցող ռազմական գործողությունների համար։

Մարդու իրավունքների սիրիական դիտարանը 2023 թ․ հոկտեմբերի 19-ից ի վեր արձանագրել է Իրանի աջակցությունը վայելող աշխարհազորայինների կողմից Սիրիայում ԱՄՆ գլխավորած կոալիցիայի ռազմակայաններին հասցրած 108 հարձակում։

Հոկտեմբերին Գազայի հատվածում Իսրայելի և պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման միջև պատերազմի մեկնարկից ի վեր հաճախակի են դարձել հարձակումներն Իրաքում և Սիրիայում ԱՄՆ ռազմակայանների վրա` հրթիռների և անօդաչու թռչող սարքերի օգտագործմամբ: Շիաների կազմավորումները նախազգուշացրել են, որ կավելացնեն զինված գործողությունների թիվը, քանի որ ԱՄՆ-ն շարունակում է ռազմական օգնություն ցույց տալ Իսրայելի բանակին։

Սիրիայի արևելյան և հյուսիս-արևելյան Դեյր էզ Զորի, Ռաքքայի և Հասաքայի նահանգների մեծ մասը ներկայում վերահսկվում են քրդական ՍԴՈւ-ի կողմից, որոնց օժանդակություն է ցույց տալիս ԱՄՆ-ն: