«Հայաստանի քաղաքացին չի ընտրել Ալիևին»․ Տիգրա...

«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանն անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականությանը՝ այն որակելով միակողմանի զիջումների քաղաքականություն։

«Պարոն Փաշինյան, գուցե վիճելի է, թե արդյոք ժողովուրդն ընտրել է ձեզ, սակայն մի բան հստակ է․ Հայաստանի քաղաքացին չի ընտրել Ալիևին»,- գրել է Աբրահամյանը։

Պատգամավորի խոսքով՝ Հայաստանի քաղաքացիներն ընտրել են արդար և փոխադարձ հարգանքի վրա հիմնված խաղաղություն, այլ ոչ թե անվերջանալի զիջումների շղթա։

Նա նշել է, որ կառավարության վարած, իր բնորոշմամբ, հակահայկական քաղաքականությունը վկայում է բացառապես միակողմանի զիջողականության մասին, իսկ սեփական իրավունքներից ու անվտանգությունից հրաժարվելը հանրությանը մատուցվում է որպես «խաղաղության ճանապարհ»։

«Փաշինյանը ժողովրդին խոստանում էր բարեկեցություն, սակայն երկիրը թողեց մարզերում ահագնացող աղքատության մեջ։ Փաշինյանը խոստանում էր խաղաղություն, սակայն բերեց անվերջանալի թվացող միակողմանի զիջումներ»,- գրել է պատգամավորը։

Աբրահամյանի պնդմամբ՝ կառավարությունը քայլ առ քայլ զիջում է Հայաստանի պետական ու ազգային շահերը, իսկ դրա փոխարեն չի ստանում ոչ մի իրական երաշխիք, ոչ մի կայունություն և փոխադարձ դրսևորվող հարգանք։

«Երբ Ադրբեջանի ապօրինի պահանջներն ու քմահաճույքները վեր են դասվում Հայաստանի Հանրապետության կենսական շահերից, դա այլևս դիվանագիտության կամ խաղաղության քաղաքականության մասին չէ։ Դա սեփական պետության հաշվին հակառակորդի օրակարգի սպասարկում է»,- ընդգծել է նա։

Գրառման ավարտին Տիգրան Աբրահամյանը հայտարարել է, որ «Ուժեղ Հայաստանը» շարունակելու է պայքարը։

«Պայքարելու ենք մինչև վերջ և մեր ժողովրդին բերելու ենք իրական փոփոխություններ»,- եզրափակել է պատգամավորը։