Սիրիայում ամերիկյան ռազմակայանը հարձակման է ե...

Սիրիայի սահմանամերձ Էթ Թանֆ քաղաքում գտնվող ԱՄՆ-ի և արևմտյան կոալիցիայի ռազմակայանը ենթարկվել է անօդաչու թռչող սարքերի հարձակման։ Այս մասին հաղորդում է իրանական Mehr գործակալությունը։

Պարբերականի տեղեկատվությամբ՝ ԱՄՆ-ի ռազմակայանին հարվածել է առնվազն երկու կամիկաձե անօդաչու թռչող սարք։ Ականատեսները հայտնել են ուժգին պայթյունների մասին, որոնք որոտացել են ռազմակայանի տարածքում:

Mehr-ը նշում է, որ առայժմ ոչ մի խմբավորում չի ստանձնել հարձակման պատասխանատվությունը, սակայն Իրաքում գործող դիմադրության խմբերը բազմաթիվ հարվածներ են հասցրել Իրաքի և Սիրիայի տարածքներում գտնվող ամերիկյան ռազմակայաններին՝ ի պատասխան Գազայի հատվածում Իսրայելի ռազմական գործողությունների։

Իր հերթին Fars գործակալությունը հայտնում է, որ հարձակման պատասխանատվությունն ստանձնել է «Իրաքի իսլամական դիմադրություն» շարժումը․ դրա կազմի մեջ են մտնում շիաների զինված ջոկատներ, որոնք նախկինում սիրիական բանակի կողմից կռվել են «Իսլամական պետություն» խմբավորման ահաբեկիչների դեմ:

Հունվարի 27-ին սիրիա-հորդանանյան սահմանի Էթ Թանֆի շրջանում արևմտյան կոալիցիայի ռազմակայանի վրա անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով զոհվել էր երեք ամերիկացի զինվոր, վիրավորվել՝ 40-ը: