Սիրիայի նախկին նախագահ Բաշար Ասադի երկրորդ զարմիկ Վասիմ Ասադը Դամասկոսի դատարանի կողմից դատապարտվել է մահապատժի մի շարք անձանց դիտավորյալ սպանության և խոշտանգումների հետ կապված հանցագործությունների համար, որոնք որակվել են որպես մարդկության դեմ ուղղված հանցագործություններ և ռազմական հանցագործություններ: Այս մասին հայտնում է SANA սիրիական պետական գործակալությունը։
«Դատարանը ամբաստանյալ Վասիմ Ասադին մեղավոր է ճանաչել մի քանի անձանց դիտավորյալ սպանության, ինչպես նաև խոշտանգումների հետ կապված հանցագործությունների մեջ, որոնք որակվել են որպես մարդկության դեմ ուղղված հանցագործություններ և ռազմական հանցագործություններ: Դատարանը վճռել է ամբաստանյալ Վասիմ Ասադին դատապարտել մահապատժի», - գործակալության խոսքերն է մեջբերում դատավոր Ֆախր ադ-Դին ալ-Արյանը։
Դատարանը նաև որոշել է բռնագանձել դատապարտյալի շարժական և անշարժ գույքը՝ հօգուտ պետական գանձարանի։
Վասիմ Ասադի դատավարությունը տեղի է ունեցել Դամասկոսի չորրորդ քրեական դատարանում՝ անցումային արդարադատության գործերի շրջանակում: Սիրիայի իշխանությունները նրան ձերբակալել էին 2025 թվականի հունիսին սիրիա-լիբանանյան սահմանին։
Հիշեցնենք, որ օգոստոսի 11-ին Դամասկոսի դատարանը հեռակա կարգով մահապատժի է դատապարտել Սիրիայի նախկին առաջնորդ Բաշար Ասադին և նրա կրտսեր եղբորը՝ Մահեր Ասադին, որը գլխավորում էր Սիրիայի բանակի չորրորդ դիվիզիան։



