Սիրիայի ժամանակավոր նախագահ Ահմեդ աշ-Շարաան մի շարք հեռախոսազրույցներ է ունեցել տարածաշրջանային և միջազգային առաջնորդների, այդ թվում՝ Թուրքիայի, Կատարի, Ֆրանսիայի, Իրաքյան Քրդստանի ղեկավարների, ինչպես նաև Սաուդյան Արաբիայի թագաժառանգի հետ՝ քննարկելով Սիրիայում և տարածաշրջանում տեղի ունեցող վերջին զարգացումները: Այս մասին հայտնում է Syria TV-ն։
Հեռախոսազրույցներում ընդգծվել է Սիրիայի միասնությունն ու ինքնիշխանությունը, ինչպես նաև կայունությունն ու քաղաքական համակարգումը ամրապնդելու անհրաժեշտությունը։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հեռախոսազրույցի ժամանակ կողմերը վերահաստատել են երկկողմ հարաբերությունների ամրությունը և ամենաբարձր մակարդակներում համակարգման կարևորությունը, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ խորհրդակցությունների շարունակականության անհրաժեշտությունը։
Ֆրանսիացի գործընկերոջ՝ Էմանուել Մակրոնի հետ հեռախոսազրույցում կողմերն ընդգծել են Սիրիայի միասնության և ինքնիշխանության կարևորությունը և մերժել են անջատողական միտումները։ Նրանք նաև համաձայնության են եկել երկրի վերակառուցումը արագացնելու և տնտեսական ու զարգացման նախագծերի համար նպաստավոր միջավայր ստեղծելու անհրաժեշտության հարցում։
Իրաքյան Քրդստանի ղեկավար Մասուդ Բարզանին հեռախոսազրույցի ընթացքում բարձր է գնահատել նախագահի 2026 թվականի հրամանագիրը, որը երաշխավորում է քրդերի իրավունքներն ու հատուկ կարգավիճակը Սիրիայում։



