
«Սիրիայի դեմոկրատական ուժեր» (ՍԴՈւ) քրդական դաշինքը դեմ չէ Դամասկոսի նոր իշխանությունների հովանու ներքո Սիրիայի միասնական զինված ուժերի կազմի մեջ մտնելուն, սակայն միավորման գործընթացը ժամանակ է պահանջում: Այս մասին հաղորդել է Al Hadath հեռուստաալիքը՝ վկայակոչելով ՍԴՈւ-ի հրամանատար Մազլում Աբդիին:
«Մենք կողմնակից ենք մարտի 10-ի համաձայնագրին, բայց դրա իրականացումը ժամանակ է պահանջում», - ասել է Աբդին:
Նա հավելել է, որ քրդական դաշինքը «համաձայն է կենտրոնական կառավարության հետ Սիրիայի միասնականության հարցում՝ միասնական բանակով և միասնական դրոշով»:
Մարտի 10-ին ՍԴՈւ-ի հրամանատար Մազլում Աբդին համաձայնագիր է կնքել Սիրիայի ժամանակավոր նախագահ Ահմեդ աշ-Շարաայի հետ քրդական կազմավորումը Սիրիայի նոր բանակի կազմում ինտեգրելու շուրջ աշխատանք սկսելու մասին։ Համաձայնագրի կնքմանը նախորդել են մի քանի ամսվա բանակցություններ՝ ԱՄՆ-ի աջակցությամբ։