Սիրիայի աս-Սուեյդայի նահանգում բախումների զոհ...

Սիրիայի աս-Սուեյդայի նահանգում հուլիսի 13-ից տեղի ունեցած բախումների, զանգվածային մահապատիժների և Իսրայելի կողմից իրականացված ռմբակոծությունների հետևանքով զոհերի թիվը հասել է 1265-ի։ Այս մասին հայտնում է Մարդու իրավունքների սիրիական դիտորդական կենտրոնը։

Իրավապաշտպան կազմակերպության տվյալներով՝ զոհերից 609-ը աս-Սուեյդայի նահանգի  բնակիչներ են, որոնցից 104-ը՝ քաղաքացիական անձ։

Պաշտպանության նախարարության և անվտանգության զոհված աշխատակիցների թիվը կազմել է 440, որոնց թվում՝ 32 բեդվիններ են և մեկ լիբանանցի զինյալ։

Իսրայելի կողմից իրականացված օդային հարվածների հետևանքով զոհվել են Պաշտպանության և Ներքին գործերի նախարարությունների 15 աշխատակից։

Տեղեկություններ կան նաև, որ բախումների ժամանակ սպանվել է 1 լրագրող։

Կազմակերպության տեղեկացմամբ՝ 194 մարդ, այդ թվում՝ 28 կին, 8 երեխա և մեկ տարեց տղամարդ, սպանվել են Պաշտպանության և Ներքին գործերի նախարարությունների աշխատակիցների կողմից։

Դիտորդական կենտրոնը նշում է, որ աս-Սուեյդայի նահանգում խախտումները շարունակվում են՝ չնայած հրադադարի համաձայնագրին: 

Մարդու իրավունքների սիրիական դիտորդական կենտրոնը կոչ է արել ստեղծել ՄԱԿ-ի անկախ հետաքննչական հանձնաժողով՝ նահանգում կատարված խախտումներն ու հանցագործությունները հետաքննելու և բոլոր կողմերից ներգրավվածներին պատասխանատվության ենթարկելու համար՝ ապահովելով արդարադատություն և զոհերի համար փոխհատուցում։

Հուլիսի 19-ին Սիրիայի նախագահ Ահմեդ աշ-Շարաան հայտարարել էր աս-Սուեյդայում հրադադարի մասին՝ համաձայն միջազգային միջնորդների մասնակցությամբ մշակված կարգավորման ծրագրի։ Սակայն հուլիսի 20-ին դրուզների և բեդվինների միջև բախումները վերսկսվել էին։

Հուլիսի 20-ին Սիրիայի հարցերով ԱՄՆ հատուկ բանագնաց Թոմ Բարաքը հայտարարել է, որ աս-Սուեյդայի տարբեր խմբավորումների միջև հրադադարը ուժի մեջ է մտել ժամը 17:00-ին։ Նա նշել է, որ հաջորդ քայլը կլինի երկու կողմերի միջև գերիների փոխանակումը, և որ դրա համար իրականացվում են լոգիստիկ պայմանավորվածություններ։