
«Կոմերսանտ» թերթը, հղում անելով իր աղբյուրներին, գրում է, որ Սիրիայի նոր կառավարությունը շահագրգռված է երկրի հարավային նահանգներում ռուսական ռազմական ոստիկանության պարեկների վերադարձով, ինչպես դա եղել է մինչև Բաշար Ասադի ռեժիմի անկումը։ Ճշտվում է, որ իշխանությունները ցանկանում են վերադարձնել համապատասխան շրջանները Ռուսաստանի Դաշնության վերահսկողության տակ, որպեսզի սահմանափակեն Իսրայելի ռազմական ակտիվությունը։
Դեկտեմբերին Իսրայելը գրավել է Սիրիայի հարավային շրջանների մի մասը։ Այն ժամանակ Թել Ավիվը հայտարարել է այնտեղ բուֆերային գոտի ստեղծելու մասին՝ հրեական պետության հյուսիսային սահմանի անվտանգության և տեղի դրուզական համայնքը պաշտպանելու նպատակով։ Տվյալ շրջանում Ռուսաստանի ռազմական ներկայությունը կրճատվել է։ Դամասկոսը կարծում է, որ ռուսական պարեկների վերադարձը կարող է «խոչընդոտել սիրիական գործերում Իսրայելի միջամտությանը»։
Վերջին տեղեկությունների համաձայն՝ Սիրիայում իշխանափոխությունից հետո առաջին անգամ Ռուսաստանը վերսկսել է պարեկային ծառայությունը, սակայն այլ տարածքում։ Ռազմական ոստիկանությունը գտնվում է հյուսիսարևելյան Ալ-Ղամիշլի քաղաքի մոտակայքում։ Նշվում է, որ դա տեղի է ունեցել սիրիական պատվիրակության վերջերս Մոսկվա կատարած այցից հետո։
Դամասկոսում իշխանափոխությունից հետո ռուս զինվորականները պահպանել են Տարտուսի նայանգի ռազմածովային նավատորմի նյութատեխնիկական ապահովման կետը, ինչպես նաև Խմեյմիմի ավիաբազան Լաթակիայի նահանգում։ Լրագրողները գրում են, որ ռուսական ռազմաօդային ուժերը շարունակում են շահագործել նաև Էլ Քամիշլիի ռազմական օդանավակայանը։
Հուլիսի վերջին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլում հանդիպել է Սիրիայի Արաբական Հանրապետության (ՍԱՀ) անցումային կառավարության արտաքին գործերի նախարար Ասաադ ալ-Շիբանիի հետ։ Սա սիրիական բարձրաստիճան պատվիրակության առաջին այցն է Կրեմլ այն բանից հետո, երբ Ասադը լքել է իր պաշտոնը և հեռացել երկրից։
Վերջին շաբաթներին Ռուսաստանի առաջնորդը բանակցություններ է վարել նաև Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ։ Նրանք քննարկել են Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը։
Հիշեցնենք, որ 2024 թվականի նոյեմբերի վերջին զինված ապստամբները լայնամասշտաբ հարձակում են սկսել սիրիական բանակի դիրքերի վրա։ Արդեն դեկտեմբերի 8-ին նրանք հայտարարել են նախագահ Ասադի ռեժիմի տապալման մասին։ Սիրիայի նախկին առաջնորդին Ռուսաստանում քաղաքական ապաստան է տրվել. նման որոշում անձամբ կայացրել է ՌԴ նախագահ Պուտինը։ Սիրիայի ժամանակավոր կառավարությունը գլխավորել է «Հայաթ Թահրիր ալ-Շամ» խմբավորման կողմնակից Մուհամմադ ալ-Բաշիրը։