Սիրիայի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ Իսրայելի զինված ուժերը հարվածներ են հասցրել Դամասկոսից հարավ գտնվող մի քանի օբյեկտների։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով գերատեսչության հաղորդագրությունը:
«Այսօր առավոտյան ժամը 04:20-ի սահմաններում իսրայելական հակառակորդն օդից ագրեսիա է իրականացրել օկուպացված Գոլանի բարձունքներից՝ հարձակվելով Դամասկոսից հարավ մի շարք օբյեկտների վրա», - ասվում է տեքստում։
Նշվում է, որ իսրայելական կողմի արձակած հրթիռների մի մասը խոցվել է սիրիական հակաօդային պաշտպանության միջոցների կողմից։ Գրոհն, ըստ գերատեսչության, նյութական վնաս է պատճառել։
ՏԱՍՍ-ը նաև նշում է, որ ըստ իրանական Student News Network (SNN) հեռուստաալիքի` Դամասկոսի հարավային արվարձանի վրա իսրայելական օդուժի հարձակման հետևանքով զոհվել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) խորհրդականը: Ավելի վաղ Al Arabiya հեռուստաալիքը հայտնել էր շիաների զինված կազմավորման երկու մարտիկի մահվան մասին։