Սիրիան դիմել է ԵՄ-ին՝ հրդեհների դեմ պայքարին...

Արդեն մի քանի օր է՝ Սիրիայի քաղաքացիական պաշտպանության խմբերը պայքարում են Լաթաքիայի լեռնային շրջաններում բռնկված անտառային հրդեհների դեմ։ Այս մասին հայտնում է սիրիական SANA լրատվական գործակալությունը։

Սիրիայի արտակարգ իրավիճակների և աղետների կառավարման նախարար Ռաիդ աս-Սալեհը հայտնել է, որ դիմել են Եվրամիությանը՝ աջակցություն խնդրելով հրդեհների մարման գործում: Նա հայտնել է, որ Կիպրոսի հրշեջ օդանավերը կմիանան հրդեհների մարման գործընթացին։

Նախարարը նաև նշել է, որ հուլիսի 7-ի գիշերն ուժգին քամիների պատճառով հրդեհները տարածվել են դեպի Լաթաքիայի հյուսիսային Ղասանիա (Ֆալաք) գյուղ. քաղաքացիական պաշտպանության խմբերը կարողացել են տարհանել կանանց և երեխաներին և գյուղի երիտասարդների օգնությամբ մարել հրդեհը։

«Հրդեհների մարմանը սիրիական ուժերի հետ միասին մասնակցում են թուրքական, հորդանանյան և լիբանանյան թիմեր: Նախօրեին հրդեհաշիջման գործողություններին մասնակցել է 16 ինքնաթիռ, իսկ այսօր դրանց թիվը ակնկալվում է հասցնել 20-ի», - նշել է նա։ 

Նախարարի խոսքով՝ մինչ օրս մարդկային զոհեր չեն գրանցվել, չնայած հրդեհը տարածվել է մի քանի վայրերում:

«Քաղաքացիական պաշտպանության 10 աշխատակից տուժել է, որոնց մեծ մասը՝ շնչահեղձությունից», - ասել է պաշտոնյան։

Նա պարզաբանել է, որ եղանակային պայմանները զգալիորեն նպաստում են հրդեհների տարածմանը։

Անտառային հրդեհները Լաթաքիայի հյուսիսային շրջաններում մոլեգնում են հուլիսի 3-ից։ Հրշեջ խմբերը պայքարում են դրանք վերահսկողության տակ առնելու և հետագա տարածումը կանխելու համար։ Հրդեհներն այրել են արդեն 10 հազար հեկտար տարածք: Հարյուրավոր մարդիկ տարհանվել են: